Հասարակություն Մշակույթ 

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

analitik.am

Մարտի 15-ից 18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով:

Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը առանձնազրույցներ ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաև տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի առավել լայն տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում: Գոհունակությամբ արձանագրելով Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը՝ կողմերն այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ:

Նշենք, որ ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է ավելի քան 3000 տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:

Նույն շարքից