Քաղաքականություն 

Շավարշ Քոչարյանը՝ 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու խոսակցությունների մասին

analitik.am

«Բանակցությունների արդյունքում առաջընթացի համար կողմերի միջև վստահություն պետք է լինի»,-այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ վստահության համար կողմերը չպետք է կրակեն և սադրանքներ կազմակերպեն:

Քոչարյանի խոսքերով, այսօր Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում ունի, ինչի պատճառով որևէ զարգացման մասին խոսել անհնար է. «Այսօր խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է»:

ԱԳ փոխնախարարը խոսեց նաև տեղեկությունների մասին, թե Հայաստանը 5 տարածքները հանձնելու է Ադրբեջանին՝ նշելով, որ դա Բաքվի ցանկությունն է, որն ադրբեջանական իշխանությունները պարբերաբար նաև ուրիշի շուրթերով արտասանում են. «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի»:

Իսկ երբ նույն թեման նորից բարձրացվեց, Քոչարյանն ասաց, որ արդեն ստիպված է կոպիտ պատասխանել. «Հերիք է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորեք: Բազմիցս ասել ենք, որ նման բան չկա: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց երբ մեր կողմից են ասում, չեղած բանը մատի փաթան են դարձնում, դա արդեն ամոթ է»:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին՝ Քոչարյանն ասաց, որ Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, որն ինքնուրույն վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը չճանաչված լինելու պատճառով սահմանափակ է. «Այդ այցը ողջունելի է»:

 

Նույն շարքից