Հայաստան Քաղաքական 

Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետարանում լրագրողների աշխատանքները կազմակերպելու մասին

«Մենք չենք ընդունում, երբ մեր գործընկերները և որոշ լրատվական կազմակերպությունները ասում են սահմանափակում»,-այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի նիստերը լուսաբանող լրագրողների մուտքը նիստերի դահլիճ փակելու և հատուկ սենյակ ստեղծելու մասին, որտեղից էլ լրագրողները կարող են լուսաբանել ավագանու աշխատանքները:
Մարգարյանը նշեց, որ օրենքով հրապարակայնություն ապահովելու պահանջ կա, և Երևանի քաղաքի աշխատակազմը պարտավոր է ապահովել այդ հրապարակայնությունը. «Մենք օրենքից ոչ մի շեղում չենք անելու, օրենքով սահմանված կարգով այդ ամբողջ հրապակայնությունն իրականացնելու ենք»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ բարեփոխում է իրականացվում, Մարգարյանն ասաց, որ այդ մասին քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավարը հստակ ասել է. «Մենք ամփոփում ենք նաև լրագրողների առաջարկները, ամփոփելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք արդյունքների մասին»:

Մարգարյանի խոսքերով՝ սենյակը, որը նախատեսված է լրագրողների համար, բոլոր պայմաններն ունի աշխատանքները կազմակերպելու համար. «Մենք կողմ ենք հրապարակայնությանը, միշտ լինելու ենք բաց ու թափանցիկ»:

Նույն շարքից