«Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգավորումը մեր կարևորագույն օրակարգային խնդիրներից մեկն է, ինչի մասին խոսել է նաև գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,-այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ Հայաստանը շարունակելու է սատարել Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր պայքարին և այդ գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը, որը հարկ եղած դեպքում հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին, ինչը չի կարող չնյարդայնացնել ադրբեջանական իշխանություններին, որոնք հերթական անգամ հանդես են գալիս զարհուրելի հայտարարությամբ, թե ՀՀ-ի տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական տարածքներն են. «Նախ՝ պատմական տարածքներ ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Ադրբեջան պետության պատմությունը դեռևս 100 տարին չի բոլորել: Ադրբեջան պետությունն արհեստական պետություն է, որ ստեղծվել է 1918 թվականի մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ այդ պետությունը ստեղծվել է այդ թվում նաև հայկական Արցախ ու Ուտիք նահանգների տարածքների հաշվին:
«Ադրբեջանում շատ հայտնի «Ատլետիկո» ակումբը 15 տարով Ադրբեջանից մեծ է: Այստեղ չեմ կարող չհիշել «Միմինո» ֆիլմի հերոսներից մեկի խոսքերը. «я тебе один умный вещь скажу, ты только не обижайся, с начала подумай потом говори ...»»: