Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Որոշ ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Առողջապահության նախարարություն

analitik.am
ՀՀ Առողջապահության նախարարությունն Analitik.am-ին տեղեկացնում է, որ որոշ լրատվամիջոցներում կրկին շրջանառվող տվյալներն այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով  Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չեն համապատասխանում:
 
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ 
 
Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց  ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։
 
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway»  պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։
շատ երկրների համեմատ չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության ցուցունիշները Հայաստանում ցածր են։
«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի  բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:
 
Համաձայն դրանց Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում`  89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում`  90.4 և 165.2:
 
Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում»։

Նույն շարքից