Հասարակություն 

ՔԿՀ պաշտոնյան մեղադրվում է կալանավորին պրեկուրսոր փոխանցելու մեջ

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ. Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ. Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել և վերջինիս փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ. Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը, 17.03.2018թ.-ին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր: 18.03.2018թ.-ին ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թմրամիջոցն ու պրեկուրսորը ապօրինի փոխադրել է աշխատավայր, սակայն նույն օրն առավոտյան դրանք անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:

Այսպիսով, կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, կալանավորվածներին պահելու վայրում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար Հ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 266-րդ հոդվածի 4.2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով: Դատարանի կողմից կալանքի միջնորդությունը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից