Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նոր լծակներ՝ ապագա վարչապետին. Որոշումը կկայացնի նախագահը, բայց վարչապետի առաջարկով

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում և Դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Նախագծերից առաջինն ընդունվեց ձայների 87 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ: Եթե նախկինում Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումը տեղի էր ունենում հենց ԱԺ-ի որոշմամբ, այժմ դա անելու է ՀՀ նախագահը, բայց վարչապետի առաջարկի հիման վրա:

Երկրորդ օրենքը, որն ընդունվեց 65 կողմ և 31 դեմ հարաբերակցությամբ, վերաբերում է ԱԳ փոխնախարարներին, դեսպաններին և այլն: Օրենքի զեկուցող ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերով,  սահմանադրական փոփոխություններով ԱԳՆ համակարգում փոխվել են պաշտոնները. ԱԳ փոխնախարարները քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, դեսպանները՝ վարչական, ինչը ենթադրում է նշանակման և ազատման համապատասխան ընթացակարգ: Հստակեցվել են դիվանագետների ռոտացիային, առաջխաղացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին վերաբերող հասկացությունները, սահմանվել մրցութային կարգով դիվանագետի առաջխաղացումը:

Շավարշ Քոչարյանն անդրադարձել էր նաև գլխավոր քարտուղարի պաշտոնին վերաբերող դրույթին՝ նշելով, որ ի տարբերություն այլ նախարարությունների՝ ԱԳՆ-ի առանձնահատկությունը դիվանագիտական ծառայությունն է, որի գլխավոր պաշտոնատար անձը գլխավոր քարտուղարն է: Օրենքի նախագծով նախատեսվել են դրույթներ, որոնք արձանագրում են այդ առանձնահատկությունը:

Հավելենք, որ փոփոխություններով, այսուհետ դեսպաններին նշանակելու է ՀՀ նախագահը, բայց արդեն վարչապետի առաջարկով:

Նույն շարքից