Միջադեպ չի կարող լինել, կարող են լինել տարաձայնություններ և տարակարծություններ, որոնք հարթվում են: Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով տեղեկություններին, թե իր և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ և հավելելով, որ իրենց դաշինքի հզորությունը հենց նրանում է, որ քննարկում կա, տարաձայնություններ կան, որոնք հարթվում են:
Միքայելյանը նշեց, որ դաշինքում ներկայացված երեք ուժերն էլ կողմ են մտքին, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ չպետք է առաջադրվի, ուղղակի տարբեր են պայքարի տարբերակները:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Լուսավոր Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները Քաղաքացիական պայմանագրին փողոցում միայնակ են թողնում, Միքայելյանը ասաց, որ նման բան չկա, ինքն էլ կարող է փողոցում ակտիվ չլինել, բայց դա չի նշանակում, որ միայնակ է թողնում:
Ամեն դեպքում ԵԼՔ խմբակցության պատգամավորը չբացառեց, որ ինչ-որ պահի այս հարցի մասով ԵԼՔ-ի բոլոր ուժերը կարող են կրկին միանալ: