Cambridge Analytica-ի և Facebook-ի հետ կապված սկանդալի կենտրոնում հայտնված գիտնական Ալեքսանդր Կոգանը The Guardian-ի հետ զրույցում ասել է, որ իրեն ոչ արդարացի մեղադրանքներ են առաջադրում: Նշվում է, որ մոլդովացի Կոգանը, ով այս պահին Քեմբրիջի համալսարանում փորձագետ է աշխատում, իր կողմից ստեղծված վերլուծական հավելվածի միջոցով հավաքել է մոտ 50 մլն Facebook օգտատերերի անձնական տվյալներ:
Cambridge Analytica-ի գործունեությունը բացահայտած Քրիստոֆեր Ուայլին էլ պատմել է, որ Կոգանի կողմից ձեռք բերված տվյալներն օգտագործվել են ԱՄՆ նախագահական ընտրություններ վրա ազդեցություն ունենալու համար: Նշենք, որ Cambridge Analytica ընկերությունը սա հերքում է:
BBC Radio 4-ին էլ տված հարցազրույցում Կոգանն ասել է , որ Facebook-և ը Cambridge Analytica-ն փորձում են իրեն քավության նոխազ դարձնել: Կոգանի պնդմամբ՝ ինքը կարծել է, թե գործում է օրենքի սահմաններում:
The Guardian-ն էլ հայտնում է, որ Կոգանը հիմնադրել է Global Science Research (GSR)-ը, որպեսզի կարողանա Cambridge Analytica-ի համար տվյալներ հետազոտել: Լինելով Քեմբրիջում՝ նա համաձայնել է պաշտոն զբաղեցնել Սանկտ Պետերբուգի պետական համալսարանում, ինչպես նաև գրանտներ ստանալ ՌԴ կառավարությունից՝ ուսումնասիրություններ անցկացնելու համար:
Facebook-ի հավելվածների, թեսթերի միջոցով Կոգանը տվյալներ է հավաքել ամերիկացիների մասին, այնուհետև օգտագործել դրանք հզոր համակարգչային ծրագրի ստեղծման համար, որի միջոցով էլ ազդել է ընտրողների կողմնորոշման վրա:
Նշենք, որ Cambridge Analytica-ն իր հերթին հայտարարել է, որ Facebook-ում տվյալներ չի հավաքագրել և 2016 թ-ի ընտրությունների ժամանակ նման ծրագրեր չեն օգտագործվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ կառավարությանն առընթեր Դաշնային առևտրային հանձնաժողովը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսելու Facebook ընկերության նկատմամբ՝ սոցցանցի մասնակիցների անձնական տեղեկություններն օգտագործելու կասկածանքով: