Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ուզում եմ էտ Փոստին ասեք, որ  սահմանում կանգնած տղեքն ասում են. Քաղաքացիները՝ Զարուհի Փոստանջյանի և ԵԾ-ի առաջարկի մասին

analitik.am

Մարտի 19-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցությունը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով: Այս նախագիծն առաջացրեց ինչպես ԵԼՔ, այնպես էլ ՀՀԿ խմբակցությունների վրդովմունքը և բնականաբար չընդունվեց:

Քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներն անընդունելի համարեցին  ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը որևէ մեկի անունով վերանվանելու կամ անվանափոխելու նախաձեռնությունը: Երևանի ավագանին 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերոնշյալ հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու նախագիծը:

Այս հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքացիների հետ՝ հասկանալու համար նրանց դիրքորոշումը և վերաբերմունքը ԵԾ անդամների կողմից ներկայացված նախագծին: Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիներն առհասարակ ԵԾ կուսակցության մասին: Քաղաքացիներից շատերը ասացին, որ Զարուհի Փոստանջյանին դավաճան և այլ երկրի լրտես են համարում.

«Զառան ազգի դավաճան ա ու վերջ: Ես արդեն համոզվում եմ, որ Ադրբեջանից ա փող ստանում, ապշում եմ, թե ոնց  մեր պետությունը ոչ մի բան չի անում, ոնց են թողում, որ սաղիս խայտառակ անելով սա գա ու հիմար բաներ խոսա»,- ասաց մի կին, ով չցանկացավ նույնիսկ խոսել փողոցը վերանվանելու նախագծի մասին:

40-ին մոտ մի տղամարդ էլ խնդրեց, որպեսզի իր խոսքն ամբողջությամբ հրապարակենք ու ասաց,  որ եթե Զարուհին  ցանկանա լսել, թե իրականում ինչ են մտածում երևանցիներն  իր մասին, ապա  նա կկազմակերպի դա. «Դուք որ  ձեր ամբողջ կյանքի ընթացքում   չեք արել ոչինչ այս ազգի համար այսօր ինչ-որ զզվելի թեմայով ելույթ եք  ունենում ,եթե այդքան շատ եք սիրում ու հարգում Վուդրո Վիլսոնին, ապա ինչո՞ւ չեք անվանափոխում ձեր ժառանգների անունները: Ինչպե՞ս կարելի է հարգել ու մեծարել օտար երկրացուն միևնույն ժամանակ գետնով տալ  սեփական հայրենիքի հերոսի պատիվը»:

Քաղաքացիների կարծիքներն առանց խմբագրման  ներկայացնում ենք ստորև.

«Ժամանակին  հարգում  էի Զարուհի Փոստանջյանին, կարծում էի՝ իրոք մտահոգ գործիչ է, մի բան կարող է փոխել, բայց հետո հասկացա, որ հերթական շպիոնն է, դրսի գործակալը ու  ցավով, պետք է նշեմ, որ ոնց որ մեր թշնամի Ադրբեջանի: Միայն  Ադրբեջանի  շահերը սպասարկող մարդը կարող էր Հայոց Սպարապետի հիշատակը նման ձևով փորձեր անարգել»:

«Այլ բան է անվանել, և այլ բան վերանվանել: Ամերիկացի քաղաքական գործիչ Վուդրո Վիլսոնը ծավալել է հայանպաստ գործունեություն և անկախ հայկական պետության հզորացման կողմնակից էր: Եթե տվյալ փողոցը դեռևս անուն չունենար, կամ ասենք ունենար անվանում, որը չնչին բան է ասում հայ ազգի մասին, ապա Վուդրոյի անունով անվանելը կարելի էր արդարացված համարել:  Բայց, բոլոր դեպքերում, եթե վերանվանում ես մի արժեք, որն  արդեն իսկ անվանված է քո ազգի հերոսի անվամբ, ապա դա  կամա թե ակամա  հանգեցնում է օտարամոլության: Իմ կարծիքով՝ դա արդարացի չէ»:

«Ուզում եմ էտ Փոստին ասեք, որ  սահմանում կանգնած տղեքն ասում են. « Էն որ մենք էսօր սահմանը պահում ու պահպանում ենք, որ հանկարծ թշնամին «քիթը չկոխի» ձեր թանկարժեք ու ճոխ ննջասենյակ, դա Վազգեն Սարգսյանի դրած հիմքերի շնորհքն է։ Էն որ դուք ձեզ պետք եղած ժամանակ ձեր քաղաքական կեղտոտ խաղերում կեղտոտում ու սևացնում եք մեր հաղթանակած բանակի անունը, դա էլ կարողանում եք անել միայն ու միայն նույն Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակի շնորհիվ։ Ու դուք դեռ այսքանն իմանալուց հետո նման անհեթեթ առաջա՞րկ եք անում»։

«Կարծում եմ՝ պետք է առաջին հերթին  արժևորենք և գնահատենք մեր Ազգային հերոսներին։ Վուդրո Վիլսոնը համաշխարհային պատմության մեջ շատ կարևոր դեր է խաղացել, կարծում  եմ՝ եթե իսկապես տիկին Փոստանջյանի նպատակը լիներ,որ մենք Վիլսոնի անունով փողոց ունենայինք, կարող էր այլ փողոց առաջարկել կամ նոր նախագծվող որևէ այլ փողոցը Վիլսոնի անունով անվանակոչելու առաջարկ անել:  Այստեղ կրկին ավելի շատ շոու անելու միտում կար։ Տիկին Փոստանջյանի կարծիքով Ազգային հերոսի համար շատ է երկու փողոց անվանակոչելը, իմ դիտարկմամբ՝ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքն են տվել Հայաստանի և  մեզ համար, արժանի են, որ ոչ թե 2, այլ  10 փողոց անվանակոչվի իրենց անունով։ Տիկին Փոստանջյանն  որքան ժամանակը գնում է,  այնքան ավելի շատ պրովակացիոն նախաձեռնություններ է ցուցադրում»։

«Չէ ու հազար անգամ չէ, ազգային հերոսի անունով փողոցը ոչ մի կերպ չի կարելի փոխել,իմ կարծիքով սա դավաճանություն է»:

«Էս նախագիծը որ արեցին, վաղը մյուս օրն էլ արձանը կասեք հանեք,  Էտ Զարուհի Փոստանջյանը կարա՞  վերադարձնի Վազգենի կյանքը, իհարկե չէ, նա  իրավունք չունի նման հարց բարձրաձայնել»:

«Դրսի փողերից կուրացած տիկինն արդեն չափերը կորցնում ա: Ես մի բան կասեմ՝ թող իրանց խելոք պահեն ու իրանց հիմար առաջարկներով չփորձեն խայտառակ անել մեր երկիրը՝ ո՞վ չի ճանաչում իրան, ո՞վ չգիտի, թե ինչն ինչի համար ա անում, թող խելոք վեր ընկնի իրա ավագանու աթոռին ու իրան էլ իրավունք չվերապահի ժողովրդի անունից խոսել:  Երեք հոգով եկել ժողովրդի անունից ապուշ բաներ են խոսում, այնքան անհեթեթ առաջարկ է, որ ասելու բան էլ չկա»:

«Իմ համար էտ վիրավորական ա, մեր ազգի սխալը էնա, որ չեն գնահատում իրանց ազգայինը, նույնիսկ էն ազգերը, որ չունեն հերոսներ, հորինում են ու դարձնում պաշտպամունքի առիթ , իսկ մենք՝ հակառակը, եղած մարդկանց անունն ենք ուզում վերացնել  ու ընդհանրապես ամեն ինչից ենք բողոքում: Ես հարգում եմ Վազգենին, փառք ու պատիվ իրան, միակ մարդն էր, որ զզվելի ռսներից ուզում էր ազատել մեզ»:

«Որպեսզի շատ կտրուկ չթվամ,  կփորձեմ եզրակացություններ անելով գալ նրան,  որ իրականում անիմաստ առաջարկ է: Առաջին հերթին՝  ո՞վ է Վազգեն Սարգսյանը մեզ համար և ո՞վ է Վուդրո Վիլսոնը մեզ համար: Կրթված լինելով հայկական դպրոցում և բավական լավ ուսումնասիրելով պատմությունը՝ վստահ կարող եմ ասել, որ ցանկացած երկիր, (հատկապես մենք՝ հայերս շատ ենք առնչվել այս երևույթի հետ)  ավելի կոնկրետ երկրի կառավարող կազմն անտեղի զգացմուքներից ելնելով ոչ մի  այլ երկրի չի աջակցի միայն նրան ոտքի հանելու համար  և համենայն դեպս պատմությունը բավական խափուսիկ է և չես կարող ասել, թե Վիլսոնը ինչպիսի նկատառումներ ուներ ։ Անցնենք Վազգենին ։ Նույն դպրոցում, որտեղ ինձ պատմել են Վիլսոնի մասին, փառաբանել են Վազգենին ։ Այո, լսել եմ որոշ հակասական բաներ՝ կապված նրա անվան հետ, բայց ամբողջ հայ ազգը ճանաչում է նրան որպես մեկի, ով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից  է   եղել,  ճանաչում է որպես  հայոց սպարապետ ։ Եվ վերջում՝ միայն մի բան կհավելեմ. Ժողովրդի միայն մի փոքր զանգվածն է ճանաչում Վիլսոնին ,  ամբողջ  մի ազգ ընդունում է Վազգենին՝ որպես սպարապետ : Մեր մեջ ասած, ապուշ առաջարկ էր»:

Նշենք, որ Analitik.am-ը նաև առցանց հարցում անցկացրեց FB էջում, որտեղ նույնպես բավականին բուռն արձագանք ստացանք ընթերցողների կողմից: Հարցման մասնակից  251 օգտատերերի 95%-ը՝  238-ը, բացասական էր վերաբերվել ԵԾ-ի առաջարկին և միայն 13 օգտատեր էր դրական վերաբերվել:

Ներկայացնում ենք FB էջում ընթերցողների արձագանքներից մի քանիսը.

«Ապշած եմ ԵԾ-ի նման բարբաջանքի վրա,իսկ կարող է Վիլսոնը կամ նրա թոռներն են իրենց հովանավորում,նրանք էլ հոգուն պարտք են համարում Հայաստանում փողոց անվանակոչել»:

«Նման առաջարկը չի քննարկվում առհասարակ ,ծիրանի ցոգոլները ցույց տվեցին իրենց իսկսկան դեմքը`ազգի դավաճան,տականք և փողով ծախվածներ»:

«Միանշանակ բացասական,անթույլատրելի մի բան,որ մեզ հենց էդ նույն միջազգային կազմակերպությունների և երկրների առաջ ծիծաղի առարկա կդարձնի` վերանվանել ազգային հերոսի,ազգի պարծանքի,Սպարապետի ու սերունդներին ոգևորող մի անձնավորության անվան փողոց որևէ մի ուրիշ գործչի անունով,սա ծիծաղելի ,և բացարձակ կապ չունի , թե ով է այդ մյուս անձը,հարգանքներս Ուիլսոնին,շատ այլ փողոցներ ունենք ,որոնցից մեկը կարելի է վերանվանել»:

«Իհարկե բացասական, ինչպիսի հիմարություն...ինչպես կարելի է այդ հիմարությանը լուրջ մոտեցում ցույց տալ... »

«Իհարկե բացասական ,այս էժանագին քայլով ևս մեկ անգամ ծիրանները ապացուցեցին իրենց դավաճան լինելը.... »

«Տեսնես ինչքա՞ն փող են խոստացել ԵԾ-ին, նման ազգադավ նախագիծ ձեռնարկելու համար»:

«Միանշանակ բացասական եմ վերաբերվում այդ խեղկատակների` սակավամիտ ԵԾ-ականների արարքներին»:

«Զարմանալի չէ նրանց կողմից տվյալ առաջարկը: Եթե մի մարդ բացարձակապես տանել չի կարողանում իր ազգը, ապա ունակ էլ չէ գնահատել իր ազգի հերոսներին... Եվ նա ելույթ է ունենում իր ժողովրդի անունից... ուղղակի նողկալի է»...

Այսքանից հետո միայն մի հարց է անպատասխան մնում՝ երբ Երկիր Ծիրանին ժողովրդի անունից հայտարարություններ է հնչեցնում՝ ո՞ր ժողովրդին ի նկատի ունի:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից