Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Քաղաքական մաքրազերծման մեկնարկը տրված է. ԵԼՔ-ը կլինի առաջին զոհը

analitik.am

Ազգային ժողովում Արմեն Աշոտյանի հնչեցրած խոսքերն ըստ արժանավույն չգնահատվեցին, ուստի չմեկնաբանվեցին լրատվականների կողմից, մինչդեռ դրանք, ըստ էության, ազդարարեցին ԵԼՔ-ի կազմաքանդման գործընթացը: Ամբիոնից դիմելով ԵԼՔ-ի պատգամավորներին՝ նա ասաց. «Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցության արդյունքում ՀԱԿ-ը քայքայվեց, հուսամ ԵԼՔ-ին նույն ճակատագիրը չի սպասվում»: Աշոտյանն, իհարկե, սուտ էր խոսում, նա նման հույս այլևս չուներ, նա շատ լավ գիտեր, որ գործընթացը սկսված է և, ամենայն հավանակնությամբ , կավարտվի Նիկոլ Փաշինյան՝ քաղաքական «աղբամանում» հայտնվելով։

Սկսվեց նրանից, երբ լրատվական դաշտը պայթեցրեց «Սասնա Ծռեր» զինյալների դատավարության ընթացքում հրապարակված գաղտնալսման արձանագրությունները, որտեղ Պավլիկ Մանուկյանը հրահանգում է. «Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն, եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»: Մյուս օրը «Հրապարակ» օրաթերթն արտահոսք տվեց Արամ Սարգսյանի գրասենյակում տեղի ունեցած զրույցը, որ իր տեղեկությունների համաձայն՝ ԵԼՔ-ի առաջնորդներ Սարգսյանն ու Մարուքյանը ցույց են տվել իրենց քվեաթերթիկների նկարները, իսկ Փաշինյանը՝ ոչ: Այս արտահոսքը միտված էր ընթերցողների հիշողությունը թարմացնել՝ ակնարկելով ԲԴԽ անդամ Գագիկ Հարությունյանի ընտրությունների ընթացքում իր թեկնածության դեմ ստացված 2 քվեների պատմությունը, մինչդեռ ԵԼՔ-ը հայտարարում էր, որ դեմ է քվեարկելու: Քվեարկությունից հետո Փաշինյանն, իհարկե, հայտարարեց, որ իրենց քվեները կեղծվել են, սակայն դա արդեն ոչ ոքի չհետաքրքրեց: Իսկ երբ Երևանի ավագանու նիստի ժամանակ ԵԼՔ-ը՝ ԵԾ-ի կողմից առաջարկված Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանվանելու նախագծին դեմ քվեարկելու փոխարեն լքեց դահլիճը, շատերը հասկացան, թե որն է խնդիրը: Խնդիրն այն էր, որ ավագանիում քվեարկությունը փակ չէ, և քվեարկելուց հետո ԵԼՔ-ի անդամները չէին կարողանա պնդել, որ իրենց քվեները կեղծվել են:

Այս զարկերը, անշուշտ, դեռ սկիզբն են այն գործընթացի, որ գնալով խորանալու է։ Իշխանություններն անելու են անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Ազատության հրապարակ գործուղված Փաշինյանն այնքան բարոյազրկվի, որ վերջինիս շարժումը կորցնի առանց այն էլ հաջողելու գրեթե գոյություն չունեցող շանսերը: Հեզհետե կարտահոսվեն նորանոր փաստեր, որոնք կվկայեն «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և մասնավորապես Փաշինյանի ոչ այդքան սկզբունքային լինելը։ Կարտահոսվեն նաև այլ ընդդիմադիրների վերաբերյալ փաստեր: «Հրապարակ»-ի տված արտահոսքի հետ մեկտեղ նույն օրը «Ժամանակ» թերթն իր ընթերցողներին հայտնեց այն մասին, թե ինչպես է Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում աջակցել Սեֆիլյանին, երբ նրանք պատրաստվում էին գրավել զորամասերից մեկը: Ու եթե հանկարծ այս արտահոսքը բավարար չլինի, կարտահոսեն նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին դիպուկահարների տարօրինակ վարքագծի մասին տեղեկությունները և բազմաթիվ այլ շատ հուզիչ փաստեր:

Հուսանք, որ այս մաքրազերծման ընթացքում քաղաքական դաշտում կմնան այն ուժերը, որոնք զերծ են մնացել առասպելական օրակարգեր առաջ տանելուց, իսկ նրանց փոխարեն կգան նրանք, որոնք կարող են հստակ քաղաքական, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, քաղաքագիտական օրակարգ մշակել։

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից