Բարի օր Հասարակություն 

Հոգով՝ հայ, այսպիսին էր նա․Քաղաքացիներն Անդրանիկ Մարգարյանի մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ,  ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է:

Ա. Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-1974թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ:

1995 և 1999թթ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:

Ա.Մարգարյանը  որպես ՀՀ վարչապետ  շարունակել է պաշտոնավարել նաև 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Անդրանիկ Մարգարյանը առանցքային է դիտել ՀՀ տնտեսության զարգացումը՝ որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք:

Analitik.am -ը հարցում է անցկացրել՝  պարզելու համար  կենդանության օրոք Ա. Մարգարյանի գործունեության, մեր երկրում նրա կատարած փոփոխությունների և ձեռքբերումների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքը։

Քաղաքացիների կարծիքով, կա մեկ դառը ճշմարտություն, որ յուրաքանչյուր մարդու մենք սկսում ենք մեծարել և գնահատել, երբ կորցնում ենք նրան։

Քաղաքացիներից մեկի կարծիքով, երբ որևէ մարդ զբաղեցնում է պետական պաշտոն, հասարակական լայն շերտի կողմից սկսում է ավելի շատ ուշադրություն կենտրոնում լինել։ Մարդիկ հաճախ սկսում են դրականը չնկատել, ինչը շատ վատ է.  «Անդրանիկ Մարգարյանի մասին կարելի է շատ խոսել, ներկայացնել իր անցած ճանապարհը, կոչումները, բայց կարծում եմ, ամենակարևոր և գլխավոր գնահատականը հասարակությունն է տալիս` ոչ իշխանությունը, և ոչ էլ ընդդիմությունը։ Նա մեծատառով մարդ էր, այսքանը կասեմ»։

«Պարոն Մարգարյանի մահից անցել է արդեն 10 տարի, բայց մենք շարունակում են խոսել նրա արած աշխատանքի և մարդկային հատկանիշների մասին, քանի որ նա զգալի դեր է ունեցել մեր երկրի զարգացման հարցում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մի ուրիշ քաղաքացու կարծիքով էլ  պարոն Մարգարյանը առաջին հերթին եղել է պետական  գործիչ, ապա նոր   կուսակցական. «Մարդիկ անմահ չեն և տա Աստված, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի և հասկանա իր պարտավորությունները հայրենիքի և իր արժեհամակարգի նկատմամբ, այնպես, ինչպես պարոն Մարգարյանը» ։

« Անդրանիկ Մարգարյանը հոյակապ մարդ էր։ Նրա նման մարդիկ շատ են պետք մեր երկրին։ Ուրախացնում է, որ իր որդին՝ մեր հագարժան քաղաքապետը ժառանգել է հոր գեները»,-ասեց մեկ այլ քաղաքացի:

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ Ա. Մարգարյանը ծանր շրջանում բալանսավորող գործոն է հանդիսացել երկրում:

«Երբ ինձ ներկայացրել էին Թեքեյան մրցանակի՝ Անդրանիկ Մարգարյանը ներկա էր և անձամբ հանձնեց մրցանակը: Ես առաջին ու վերջին անգամ տեսա իրեն այդ ժամանակ։ Ասում էին, որ շատ բարի մարդ էր»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Եթե անկեղծ, նրա վարչապետ եղած տարիներին ես շատ փոքր եմ եղել՝ և Անդրանիկ Մարգարյանի, և իր գործունեության մասին իր մահվանից հետո եմ իմացել: Ուղղակի կասեմ, որ քաղաքականության մեջ կարևոր հիմնասյուներից է եղել»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիներից ոմանք հետաքրքիր դրվագներ հիշեցին՝ պատմեցին, որ Անդրանիկ Մարգարյանին կարելի էր շենքի բակում հանդիպել և զրուցել տարբեր հարցերի շուրջ։ Նա յուրաքանչյուրին վերաբերում էր որպես ընկեր, հարազատ, լսելու,  հասկանալու և խնդրի էությունն ըմբռնելու յուրահատուկ ունակություն ուներ․« Հիշում եմ մի անգամ պատահական հանդիպեցի պարոն Մարգարյանին, բավականին երկար զրուցեցինք այդ պահին Հայաստանի ծանր վիճակի մասին։ Նրա աչքերում ես տեսնում էի իսկական մտահոգություն,  հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում։ Ես շատ կուզենայի, որ նրա նման մարդիկ շատ լինեն, նա իրոք մեծատառով մարդ էր։ Ափսոս, որ շուտ հեռացավ, քանի որ կարող էր շատ օգուտներ տալ մեր պետությանը »։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մի բառով ընդամենը կասի այն ամենը, ինչ կարելի է ասել Անդրանիկ Մարգարյանին բնութագրելիս․«Հոգով՝ հայ, այսպիսին էր նա»։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից