Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մարգարյանը նվիրյալ էր, գաղափարի հերոս․Քաղաքական գործիչներն Անդրանիկ Մարգարյանի մասին

analitik.am

Երկու տիպի գործիչներ կան․ Առաջին տիպի գործիչներն ամեն օր ասում են, թե ինչ պետք է անել, երկրորդ տիպի գործիչները, որոնք ավելի բարձր արժեք ունեցող մարդիկ են, չեն ասում, թե  ինչ պետք է անել, պարզապես նրանց հետ շփվելով, նրանց հետ աշխատելով, նրանց կողքն աշխատելով՝ սովորում ես: Անդրանիկ Մարգրայանը երկրորդ տիպի գործիչներից էր: Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրը  Կոմիտասի անվան պանթեոնում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«2001 թվականից սկսած, իսկ 2005 թվականից արդեն ամենօրյա ռեժիմով ես աշխատել եմ նրա հետ: Մարգարյանի կյանքի առնվազն վերջին 3 տարին ամեն օր նրա կողքն եմ եղել: Այդ ընթացքում ես շատ բան եմ սովորել: Մարգարյանից ոչ միայն ես եմ սովորել, այլ նաև իմ սերնդակիցները: Շատ ու շատ մարդիկ, ովքեր այսօր քաղաքական դաշտում են, իրենց քաղաքական կյանքը սկսել են Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ Մարգարյանը նվիրյալ էր, գաղափարի հերոս. «Ամենակարևոր խորհուրդը, ամենակարևոր դասը, որ հասկացել եմ, սովորել եմ նրանից, այն է, որ որևէ մեկը մեզանից բացի մեր երկիրը չի կառուցելու, որևէ մեկը  մեր փոխարեն մեր երկիրը չի հզորացնելու: Մենք պետք է  քարը քարի վրա դնելով հզորացնեք մեր երկիրը, մենք մեր երկրում հակառակորդներ չունենք»:

Շարմազանովը հիշեց, որ Անդրանիկ Մարգարյանը չէր սիրում տրտնջալ, չէր սիրում տրտնջացողներին, տղամարդ էր, դժվարություններից չէր վախենում. «Յուրաքանչյուր սերունդ իր նախորդից ավելի շատ գործ պետք է անի: Անդրանիկ Մարգարյանն այդ գործիչներից էր, նվիրյալ էր: Նա սիրում էր մեր հողը մեր ջուրը, մեր ժողովրդին և ժողովորդից մեկն էր: Լինելով պաշտոնյա՝ նա երբեք չկտրվեց հասարակությունից: Մարգարյանը յուրաքանչյուրին հնարավորություն էր տալիս ծառայել հայրենիքին»:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով էլ, Անդրանիկ Մարգարյանն այն պետական գործիչն էր, որը առանց վերապահության մեծ ժողովրդականություն ու մեծ սեր էր վայելում, ինչը նշանակում է, որ կա մի արժեք, մի չափանիշ, որին պետք է նմանվել. «Իշխանության մյուս ներկայացուցիչները պետք է այնպես անեն, որ այն սերը, այն վերաբերմունքը, որն ուներ ժողովուրդը Մարգարյանի նկատմամբ, լինի նաև իրենց նկատմամբ: Դրա ճանապարհն ակնհայտ է՝ աշխատանք, աշխատանք և նորից աշխատանք: Սա կարծում եմ, որ այսօրվա հիմնական խորհուրդն է, որը մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելելով»:

Նույն շարքից