«Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ նման արտահայտություն եղել է, թող փորձեն վերրցնել»,-այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-17-ին իշխանափոխությունը փողոցում ընկած է լինելու:
Վարդանյանի խոսքերով, բնականաբար այդ օրերին իշխանափոխությունը փողոցում ընկած չի լինելու, յուրաքանչյուր պետական մարմին իր գործառույթներն են իրականացնելու. «Ես համաձայն չեմ Փաշինյանի ձևակերպման հետ: Բացի դրանից, «փողոցում ընկած լինել»-ն ասվածը հարաբերական է, կարող է գնան այն փողոցներ, որտեղ ընկած չէ և չգտնեն»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հնարավոր է արդյո՞ք որ զինված պայքար սկսվի Վարդանյանն ասաց, որ հակասահմանադրական, ծայրահեղականության յուրաքանչյուր կոչ ուղղակի դատապարտելի է. «Մենք Սասնա ծռերի գործողությունները դատապարտեցինք հենց առավոտյան շուտ: Չի կարող երկրում փոփոխություն լինել զինված պայքարով, արյունով և այլն: Մոռացեք... Բոլոր այն ուժերը, որոնք այս պայքարի կողմնակից են, մնալու են մարգինալ, մնալու են լուսանցքում և չեն կարող դերակատար լինել»: