Հայաստան Քաղաքական 

Հանրապետականը շատ լուրջ աշխատող համակարգ է. ԵԼՔ պատգամավոր

«Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մարդիկ առանց ինստիտուցիոնալ զարգացման փորձել գրավել իշխանությունը, իսկ դա երբեք հաջողությամբ չի պսակվել»,-այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանի խոսքերով՝ իրենք նման մտահոգություն ունեցել են նաև իրենց ճանապարհային քարտեզը կազմելիս և փորձել են տալ բոլոր հարցերի պատասխանները, իսկ թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվել, հիմա չի կարող ասել. «Մենք երբեք չենք ունեցել ընդդիմություն, որը զբաղվել է աշխատանքով, որի մասին ես խոսում եմ: Հանրապետական կուսակցությունը շատ լուրջ աշխատող համակարգ է և դրա դեմ պետք է ունենաս նմանատիպ՝ ավելի լավ աշխատող համակարգ, հակառակ դեպքում հաջողության չես հասնի: Եթե դու չկարողանաս ինստիտուցիոնալ մակարդակում փոխարինել ՀՀԿ-ին, երբեք չես կարող այլ ճանապարհով դա անել, որովհետև առնվազն ժողովուրդը քեզ չի հավատա»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարում ԵԼՔ դաշինքում կոնսենսուս չկա, թե ինչպես պետք է դա անել: Դաշինքի ուժերը համաձայն են, որ գործող նախագահի իշխանությունը չպետք է շարունակվի, սակայն այն հարցի մասին, թե ինչպես պետք է հասնել դրան, նրանք տարբեր տեսակետներ ունեն, դրա համար էլ ընդհանուր հայտարարի են եկել այդ հարցում իրար չկաշկանդելու մասով:

 

 

Նույն շարքից