Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ հումորով է վերաբերվում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանափոխությունը փողոցում ընկած է լինելու և եթե գտնվի ժողովուրդը, որը պատրաստ կլինի այն վերցնել, դա տեղի կունենա:
Բաղդասարյանի խոսքերով՝ իշխանափոխությունն արկղ չէ, որ հնարավոր լինի գնալ ու վերցնել. «Իշխանությունը վերցնելու համար հիմքեր են պետք»:
Ինչ վերաբերոմ է նրան, որ ապրիլի 9-17-ը Հայաստանի Հանրապետությունը փաստացի նախագահ չի ունենալու, Բաղդասարյանի կարծիքով խնդիր չէ, քանի որ նրան փոխարինելու է ՀՀ ԱԺ նախագահը, ինչը ոչ մեկ անգամ է եղել:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ իշխանափոխության հնարավոր պայքարի ժամանակ բռնություններ կիրառվեն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ հիմա ցույցեր անելու համար տրված են բոլոր անհրաժեշտ ազատությունները. «Երբ մարդիկ իրենց ընդվզումը կատարում են օրենքին համաձայն, իրագործում են իրենց բողոքի ակցիան, որևէ խոչընդոտ չի կարող առաջանալ: Իսկ ինչ վերաբերում է զինված, ագրեսորական դրսևորումներին, ինչը օրենքին հակասում է, բնականաբար դա չի կարող մեր երկրում տեղի ունենալ: Մենք թույլ չենք տա ինչ-որ մարդկանց նեղ նպատակներն իրագործելու համար զենքի ուժով մեր ներքին կյանքը քայքայել և մեր երկրի բնականոն ուղուն խանգարել: Դա բացառված երևույթ է»: