Բրիտանական պառլամենտի միջազգային հարցերով հանձնաժողովը կքննարկի Պուտինի և նրա մերձավոր շրջապատի օֆշորային գոտիներում ունեցած կապիտալի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:
Հանձնաժողովը հետաքննություն է սկսել՝ կապված մի շարք սպանությունների հետ, որոնց իրականացման մեջ կասկածում են Պուտինին: Նշվում է, որ վերջին կաթիլը եղավ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումը, ինչպես նաև Նիկոլայ Գլուշկովի սպանությունը:
Ուշադրության կենտրոնում է լինելու բրիտանական Կայմանյան, Բերմունդյան և Վիրջինյան կղզիների օֆշորյան գոտիներում գտնվող ռուսական կապիտալը:
Հանձնաժողովի նախագահ Թոմ Թագենդհաթն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը ծայրահեղ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Նա կոչ է արել պատասխանել ՌԴ նման վերաբերմունքին և ցույց տալ, թե ինչպես են ռուս օլիգարխները՝ այդ թվում ՌԴ նախագահ Պուտինը, իրենց միլիարդները թաքցնում Մեծ Բրիտանիայում. «Մենք օրենքի սահմաններում ցույց ենք տալու, թե ինչպես են ռուս պաշտոնյաներն օգտվում Մեծ Բրիտանիայի ֆինանսական և իրավաբանական ծառայություններից՝ իրենց կապիտալը թաքցնելու համար»,- ասել է նա: