Քաղաքական 

Շարմազանովը անհրաժեշտ է համարել հայ-վրացական կապերի առավել զարգացումը

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաև Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլև հանձնաժողովների մակարդակով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Մինչդեռ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այլ է, նշել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչող ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններին:

Քննարկվել են նաև մշակութային համագործակցության ուղղություներին, զբոսաշրջության զարգացմանը, հոգևոր-պատմական արժեքները միմյանց ճանաչելի դարձնելուն միտված քայլերը:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարևորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, հատկապես խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է իրենց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախդրի խաղաղ կարգավորման հարցում: Դեսպանը գոհունակությամբ փաստել է երկու երկրիների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է անեն հնարավորը դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:

 

Նույն շարքից