Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով: Այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ Ռուսաստանը մտադիր է պաշտպանական անվտանգության մասով կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ և Հայաստանի նկատմամբ ցանկացած սպառնալիք Ռուսաստանը համարում է նաև սպառնալիք իր նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևություններով:
«Մենք հասկանում ենք, որ 2016 թվականին կողմերից մեկի նախաձեռնած սադրանքից հետո լուրջ զարգացումներ եղան հայ հասարակության մեջ՝ կապված ռուսական զենքի՝ Ադրբեջանին մատակարարելու հետ: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում այլ կիրառություն չգտան և զենքն օգտագործեցին հրադադարի ռեժիմը խախտելու համար: Մենք եզրահանգումներ արել ենք, Հայաստանին մատակարարել ենք պաշտպանության համար ամենաժամանակակից միջոցները, որը դուք տեսել եք Հանրապետության օրվա կապակցությամբ շքերթի ժամանակ»:
Զատուլինը նշեց, որ ինքը և ՌԴ պետդումայի պատգամավորների մեծ մասը հայ-ռուսական պատմական հարաբերությունների կողմնակիցն են: