Հասարակություն 

Տարօրինակ ֆոբիաներ

Հոգեբուժության մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումն այս կամ այն գրգռիչի նկատմամբ։ Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որն անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության։ Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից։

Ֆոբիային համեմատաբար հեշտ է հաղթել դրա առաջացման սկզբում, բայց այն կարող է ամրապնդվել մարդու հոգեկանում և ուժգնանալ ժամանակի ընթացքում։ Եթե վախը դուրս է գալիս մարդու վերահսկումից և խոչընդոտում է նրա նորմալ կենսագործունեությանը, ապա նրան այդ ժամանակ կարող է տրվել խուճապային խանգարում կամ առանձնահատուկ ֆոբիայի ախտորոշում։

Ֆոբիաների բուժման ամենատարածված եղանակն այն է, որ հիվանդին աստիճանաբար «մոտեցնում են» իր վախի առարկայի հետ՝ ռելակսացիայի և կոգնիտիվ-վարքային թերապիայի մեթոդների համադրական օգտագործմամբ։ Այս տեխնիկան հայտնի է որպես սիստեմատիկ դիսենսիբիլիզացիա՝ օրինակ, եթե մարդը վախենում է շներից, ապա անհրաժեշտ է աստիճանաբար նրան մոտեցնել շանը: Սկզբում երախակալով և վզակապով, հետո առանց երախակալի, իսկ հետո արդեն նաև առանց վզակապի։ «Մոտեցման» գործընթացը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ հոգեբանը բացահայտել է վախի պատճառը, անցկացրել է ուղղիչ գործողությունների համալիր և սովորեցրել է հիվանդին ռելակսացիայի հմտությունները։

Այսպիսով, ներկայացնում ենք մի շարք ֆոբիաներ, որոնք կարող են տարօրինակ թվալ, սակայն կան մարդիկ, ովքեր տառապում են դրանցով:

Ակուստիկոֆոբիա ՝  վախ բարձր ձայներից։ Այն կարող է լինել նաև վախ մարդկանց ձայներից՝ ներառյալ սեփական ձայնը։ Որոշ մարդիկ կարող են վախ զգալ սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր ձայն արձակել՝ օրինակ, հրդեհային ազդանշանը։ CD սկավառակով երաժշտություն լսելը, որը կարող է սկսվել լռությամբ, այնուհետև անսպասելի դառնալ շատ բարձր  ակուստիկոֆոբիայով տառապող մարդիկ կարող են ծանր ընկալել ։ Բարձր ձայների ազդեցության, բարձրաձայն խոսակցության արդյունքում կարող է առաջանալ ցնցումների նոպա։ Ակուստիկոֆոբիան կատաղության ախտանիշ է։

Ակրոֆոբիա ՝ վախ բարձրությունից։ Բարձրության վրա գտնվելու ժամանակ ակրոֆոբիայով տառապողի մոտ նկատվում է սրտխառնոց և գլխապտույտ: Գլխապտույտը մեծ բարձրության վրա հանդիսանում է նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա։ Ակրոֆոբների մոտ այն վերածվում է ֆոբիայի և առաջանում է վախ անգամ ոչ շատ  բարձրությունների և ընկնելու հավանականության բացակայության ժամանակ։ Ակրոֆոբիան դասվում է ֆոբիաների այն կատեգորիային, որոնք կապված են տարածության ու շարժման դիսկոմֆորտի հետ։ Այն ունի բուժման ընդհանուր մեթոդներ։

Գելոտոֆոբիա ՝ վախ ուրիշների կողմից ծաղրի առարկա դառնալուց։ Մարդը, ով տառապում է այս հիվանդությամբ, շատ մեծ վախ է զգում մարդկանց կարծիքների հանդեպ։ Նա շատ ուշադիր հաշվարկում է իր յուրաքանչյուր քայլը և մի քանի անգամ մտածում իր բոլոր գործողությունների մասին՝ առաջին հերթին ուշադրություն դարձնելով մարդկանց տված գնահատականին։

Գրավիդոֆոբիա ՝  վախ հղիներին հանդիպելուց, հղիությունից: Դրանով տառապում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Այն կարող է առաջանալ հետևյալ սթրեսների հետևանքով՝ մահացած երեխայի ծնունդ, հղիի մահ, մոր հետ բարդ հարաբերություններ։ Երեխա չունեցող տղամարդկանց մոտ այս վախն ավելի դժվար է հաղթահարվում։ Տեսնելով հղի կնոջ՝ նրանք մեծ սթրես են տանում, երբեմն՝ զզվանք ապրում և խուճապի մատնվում:

Դիսմորֆոֆոբիա ՝  վախ մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն) կամ նույնիսկ ողջ մարմնի փոփոխությունից, որն իրականությանը չի համապատասխանում։ Այլ կերպ ասած՝ դիսմորֆոֆոբիան անձի մոտ սեփական մարմնի պատկերի խանգարումն է: Դիսմորֆոֆոբիայի բուժման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա, և հոգեթերապիա, երբեմն նույնիսկ զուգահեռաբար։

Դեցիդոֆոբիա ՝ որոշումներ կայացնելու վախ։ Այս վախը հիմնականում գործում է կարևոր որոշումներ կայացնելիս։ Միևնույն ժամանակ դեցիդոֆոբիայով տառապողները ոչ միայն կարող են հեշտությամբ որոշումներ կայացնել փոքր հարցերի շուրջ (օրինակ՝ ինչ հագնել, ինչ պատվիրել սրճարանում, որտեղ զբոսնել), այլև ցանկանում են, որ մնացած մարդիկ ուշադրություն դարձնեն այն փաստի վրա, որ նրանք ի վիճակի են որոշումներ կայացնել։

Լականոֆոբիա ՝ վախ բանջարեղենից։ Շատ մարդիկ պարզապես չեն սիրում բանջարեղեն, սակայն նրանք, ովքեր տառապում են այս ֆոբիայով, բանջարեղենի միայն տեսքը, նույնիսկ դրա մասին խոսելը կարող է առաջացնել տագնապային հարձակում, շնչառության վատթարացում, սրտի արագ բաբախում, սրտխառնոց, քրտնարտադրություն, գլխապտույտ: Լականոֆոբիան հիմնականում առաջանում է փոքր տարիքում։ Պատճառ կարող է հանդիսանալ բանջարեղեն չուտելու համար ծնողի կողմից  երեխային պատժելը։

Միզոֆոբիա ՝ վախ կեղտոտվելուց կամ վարակից, շրջապատող օբյեկտներից, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում։ Միզոֆոբիան օբսսեսիվ-կոնվուլսիվ և տագնապային համախտանիշերի տարածված ախտանիշ է, որ բերում է անցանկալի մտքերի և պարտադրված գործողությունների։ Միզոֆոբիան կարող է նաև կապված լինել իպոխոնդրիայի՝ ինչ-որ հիվանդությամբ վարակվելու ուժեղ վախի հետ։ Միզոֆոբիան կարող է զարգանալ որպես տրավմատիկ իրադարձության անձնական փորձի հետևանք, միկրոօրգանիզմների կամ կեղտի նկատմամբ սուր բացասական էմոցիոնալ հակազդում, այնպես էլ նմանատիպ իրավիճակի առաջացրած հետևանք, որը տեղի է ունեցել ինչ-որ մեկի հետ, ում հիվանդը շատ լավ ճանաչում է։

Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա ՝ վախ 666 թվից: Այս ֆոբիան կարող է առաջանալ  ինչպես  արտաքին իրադարձությունների (տրավմատիկ դեպքեր), այնպես էլ ներքին նախահակումների արդյունքում։ Ինչպես յուրաքանչյուր ֆոբիայի դեպքում, հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիայի սիմպտոմները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել՝ կախված վախի մակարդակից։ Ախտանիշները սովորաբար ներառում են ծայրահեղ անհանգստություն, ահ ու խուճապ, արագ շնչառություն, անկանոն սրտի աշխատանք, սրտխառնոց, չոր բերանի խոռոչ, նախադասությունները հստակ ձևակերպելու անկարողություն, դողէրոցք։

Գերոնտոֆոբիա ՝ տարեցների հանդեպ ցուցաբերվող թշնամություն։ Բժշկության մեջ հետևյալ տերմինը հոգեկան հիվանդությունների տարատեսակների կարող է վերաբերել, որ արտահայտվում են մեծահասակների կամ սեփական ծերացման հանդեպ վախով կամ ատելությամբ։ Գերոնտոֆոբիան հանդիսանում է անհանգիստ հոգական խանգարում, որ բնութագրվում է որպես տարեցների կամ սեփական ծերության հանդեպ ոչ նորմալ, իռացիոնալ և ինտենսիվ վախով։ Հիվանդության առաջացման պատճառներ կարող են հանդիսանալ  տգեղ երևալու դժկամությունը, բեռ դառնալու, միայնակ և անպետք մնալու, սոցիալական կարգավիճակի փոխվելու վախը: Գերոնտոֆոբիայի ախտանիշներն են՝ արյան ճնշման իջեցում, շնչառության դժվարացում, ընդհանուր անհանգստություն, հստակ մտածելու կամ խոսելու անկարողություն:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից