Կեմերովում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի ազդանշանային համակարգը մարտի 19-ից չի գործել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը՝ նշելով, որ մոտ մեկ շաբաթ որևէ մեկը չի զբաղվել անսարքությունը վերացնելով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Բաստրիկինը նաև հայտնել է, որ հրդեհի սկսվելուց հետո սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները չեն միացրել ազդարարման համակարգը, որը, ի տարբերություն ազդանշանային համակարգի, աշխատել է:
Բաստրիկինի խոսքերով, կատարվածին տրամաբանական բացատրություն չկա:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ: