Հայաստան 

ԱԺ արտահերթ նիստ. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

analitik.am

Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնարկած արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքը: Գրանցվել է 100 պատգամավոր: նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:


Նոյեմբերի 17-ի նիստում խորհրդարանն ավարտել է 4 հարցի քննարկում: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ ու  ամբողջությամբ ընդունվեց ՀՀ կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր նախարարություն, որը կանվանվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:


Այնուհետև խորհրդարանը քննարկեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ պետբյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները: ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ փոխհատուցումը կլինի շուրջ 50 տոկոսի չափով, իսկ դրա համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ դրամ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ.  հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: Թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները դրական արտահայտվեցին նախագծի վերաբերյալ և բարձր գնահատեցին կառավարության նախաձեռնությունը՝ հանդես գալով նաև առաջարկներով: ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ կքննարկեն բոլոր պատգամավորների առաջարկները:


Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև «Սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է կարգավորել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելուն առնչվող հարաբերությունները:


Նոյեմբերի 17-ի նիստում անավարտ մնաց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2015թ-ի և դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկներում բաշխվող գումարների նվազագույն չափը որոշելու համար ամրագրել այնպիսի մոտեցում, որի վրա հարկային փոփոխությունները կունենան չեզոք ազդեցություն: Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 18-ի նիստում:

Նույն շարքից