Մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվելիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու է 14 երկրի 30 ընկերություն: Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Փոխնախարարը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում զարգացնել ռազմարդյունաբերությունը, ամրացնել միջազգային գործընկերների հետ հարաբերությունները, ինչպես նաև հաստատել նոր կապեր:
Անդրադառնալով ռուսական զենքի ձեռքբերման գործընթացին՝ Փախչանյանը հայտնեց որ ռուսական կողմի հետ համագործակցությունն արդյունավետ է ընթանում: Առաջին վարկի շրջանակներում սպառազինությունն արդեն մատակարարված է, աշխատանքներ են տարվում հետագա համագործակցության մասով:
Փոխնախարարի խոսքերով՝ Հայաստանը սպառազինության հարցում ոչ միայն Ռուսաստանի հետ է համագործակցում՝ նշելով, որ Երևանն աշխատում է նաև Սերբիայի, Լեհաստանի, Չինաստանի հետ:
Խոսելով հայկական արտադրության զինատեսակների մասին՝ փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է անել այնպես, որ բանակում հայկական արտադրության սպառազինությունը կազմի ընդհանուր սպառազինության ¼-ը. «Կարևոր ուղղություններում արդեն հաջողություններ ենք գրանցել, օրինակ՝ ռադիոլոկացիա, հետախուզություն, ռոբոտացված համակարգեր, օպտիկա-լազերային տեխնիկա: Այս ոլորտներում հնարավորություններ ունենք և շեշտադրում ենք ունենալ հայկական սպառազինություն»: