«Կյանքը դոգմա չէ: Եթե այսօր մի բան ասեցիր, դա չի նշանակում, որ վաղը այն պետք է անպայման լինի»,-այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու վարչապետի կամ նախագահի պաշտոնին և դրան, որ հիմա հենց Սարգսյանը կարող է լինել ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետի պաշտոնի համար:
Հակոբյանի խոսքերով, կյանքը զարգանում է, փոխվում է. «Դիալեկտիկայի օրենքները կարծում եմ՝ բոլորիս հայտնի են: Խնդիր չեմ տեսնում, դա խոստում չէր, դա ասված էր տվյալ պահին...Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը: Այսօր այս իրավիճակում ՀՀ նախագահը, կարծում եմ, որ ՀՀԿ-ի կողմից կառաջադրվի վարչապետի թեկնաածու և կընտրվի»:
Նախարարի խոսքերով, կարևոր է, որ վարչապետը փորձ ունենա, գիտելիք, կապեր, հարաբերություններ. «Քաղաքականության մեջ աշխատողները պետք է փորձ, գիտելիք, կապեր ունենան: Դա միանգամից մի կողմ դնելը ճիշտ չէ: Երկիրը կշահի, եթե շատ փորձված մարդիկ լինեն ղեկավարության մեջ»: