Առողջապահություն Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Ինչպե՞ս ճիշտ մարզվել. Խորհուրդ է տալիս բոդիլբիդինգի չեմպիոն Գագիկ Տոնոյանը

analitik.am

Analitik.am - ի զրուցակիցն է ծանրամարտիկ,ուժային եռամարտի չեմպիոն, բոդիլբիդինգի չեմպիոն Գագիկ Տոնոյանը:

Պատմեք Ձեր մասնագիտական գործունեության մասին: Քանի՞ տարի է ինչ զբաղվում եք սպորտով:

Սպորտով զբաղվում եմ 1979թ - ից: Սկզբում եղել եմ ծանրամարտիկ, 1984թ-ին մեկնել եմ զինվորական ծառայության: Վերադառնալուց հետո շարունակել եմ իմ սպորտաձևը: Երկրաշարժից հետո մի որոշ ժամանակ չեմ պարապել: Հետո  ինքնուրույն, մի քանի ընկերներով «մարզասրահ» ենք սարքել ու շարունակել ենք պարապել: 1989-ից սկսել եմ զբաղվել ուժային եռամարտով, հետո բոդիբիլդինգով: Մասնակցել եմ տարբեր մրցումների, գրավել եմ առաջին տեղեր, եղել եմ բացարձակ չեմպիոն (18անգամ ուժային եռամարտ, 13անգամ բոդիբիլդինգ): 2017թ - ին մասնակցել եմ Վարշավայում կայացած եռամարտի աշխարհի մրցույթին, դարձել եմ չեմպիոն և ռեկորդսմեն: Ներկայումս մարզասրահում մարզիչ եմ:

Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան 2010 թ.- ին անցկացրեց բոդիբիլդինգի առաջնություն, որտեղ Դուք դարձաք «Միստր Հայաստան 2010» ,  ի՞նչ տվեց այդ կոչումը Ձեզ:

Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան պաշտոնապես առաջնություններ կազմակերպում է 1998թ-ից: Այդ ժամանակից մինչև 2013թ - ը եղել եմ չեմպիոն: Չեմ կարող առանձնացնել 2010-ի առաջնությունը: Բոլոր առաջնություններն էլ շատ կարևոր են եղել ինձ համար: Այդ հաղթանակներն ինձ ճանաչում են բերել, հարգանք: Իսկ ինքս ինձ համար կասեմ, որ դա մի աննկարագրելի զգացում է, սպորտսմեններն ինձ կհասկանան…

Ի՞նչ եք կարծում՝  մարզական ոլորտում կրթությունը պարտադի՞ր է։

Իհարկե, մարզիչը պետք է շատ լավ անատոմիա իմանա, իմանա՝ ինչպես աշխատել արդյունքի հասնելու և հասցնելու համար:

Ո՞րն է մարզչի ամենակարևոր որակն,  ըստ Ձեզ:

Մարզիչը պետք է շատ լավ մարզված լինի, լավագույնս տիրապետի նյութին, որը փոխանցում է, կարողանա իր գիտելիքները փոխանցել և արդյունքի հասցնել: Պետք է համբերատար լինի, հասկանա իր աշակերտին: Ամեն չեմպիոն չի կարող մարզիչ լինել, դրա համար շատ մեծ փորձ է պետք:

Ձեր կարծիքով՝ մեր երկրում այս ոլորտն  ընդհանուր առմամբ ինչի՞ պակաս ունի:

Հովանավորների պակաս ունենք: Սպորտսմենը պետք է կարողանա նորմալ պարապել, կենտրոնանալ իր պարապմունքների վրա: Մենք այսօր շատ սպորտսմեններ ունենք, որոնց գումար վաստակելու խնդիրը խանգարում է ավելի շատ զբաղվել սպորտով:

Այսօր շատ մարզիչներ  սխալ վարժություններ խորհուրդ տալով կարող են վնասել այն մարդկանց, ովքեր որոշում են մարզվել: Ի՞նչպես հասկանալ, որ մարզիչը պրոֆեսիոնալ չի, և մենք սխալ վարժանք ենք կատարում:

Պետք է ուշադրություն դարձնել նրա անցած ճանապարհին, մասնակցած մրցույթներին, ունեցած հաջողություններին, իր աշակերտների հաջողություններին:

Սպորտով զբաղվելիս ի՞նչ սննդակարգով պետք է սնվենք:  

Սննդակարգը որոշելիս ցուցաբերվում է անհատական մոտեցում: Այն կախված է նրանից, թե ինչ է ուզում մարզվողը` նիհարել, քաշ հավաքել: Յուրաքանչյուրն իր սննդակարգն ունի: Կապ ունի նաև պրոֆեսիոնալ մարզիկի հետ ենք աշխատում, թե սիրողական մակարդակի:

Կան մարդիկ, որ հնարավորություն չունեն հաճախել մարզասրահ, տան պայմաններում ինչպե՞ս կարող են հետևել իրենց կազմվածքին:

Տան պայմաններում կարելի է թեթև պարապել, սակայն չես կարող այն արդյունքը ստանալ, ինչ կարելի է ստանալ մարզասրահի գործիքների վրա: Յուրաքանչյուրն իր գենետիկան, կազմվածքի առանձնահատկություններն ունի, պետք է մարզչի հետ աշխատել:

Ձեզ մոտ հաճախող կանանցից քանի՞սն է ցանկանում ունենալ դասական մարմնի կառուցվածք, այդ դեպքում արդյո՞ք փոխվում է մարզվելու ընդհանուր ծրագիրը, թե նույնն է մնում:

Ինձ մոտ պարապող բոլոր աղջիկներն ու կանայք ձգտում են սպորտային կազմվածք ունենալ: Յուրաքանչյուրի մարզվելու ծրագիրը կախված է իր ցանկացած արդյունքից: Ի դեպ, վերջին շրջանում կանայք ավելի շատ են մարզվում, քան տղամարդիկ:

Մարզումների ընթացքում ձեռքբերված կառուցվածքն  ինչպե՞ս պահպանել որոշակի ժամանակ չմարզվելու դեպքում:

Դժվար է շատ, մկանը պետք է միշտ մարզվի: Այդ ժամանակահատվածում պետք է ճիշտ սնվել: Այս դեպքում պարապունքները վերսկսելուց հետո կազմվածքը հեշտ կվերականգնվի:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

Հետևեն իրենց, պարապեն և լինեն առողջ…

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից