Պետական գույքի կառավարման վարչության պետ ՀՀԿ-ական Արման Սահակյանի խոսքերով, հաշվի առնելով Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները, այս պահին ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը և ինչ հաջողություններ է վերջինս գրանցել իր ղեկավարության տարիներին, Սահակյանն ասաց, որ մենք լավը չտեսնելու խնդիր ունենք և փորձ է արվում առավել ևս լրագրողների միջոցով խոսել միայն վատի մասին:
Լրագրողները մի քանի անգամ խնդրեցին Գալուստ Սահակյանի որդուն ներկայացնել վերջին 10 տարվա ձեռքբերումները, և նա կարողացավ միայն հիշել սահմանների անառիկության մասին: Այն դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը հակառակի մասին է խոսում, Սահակյանն ասաց, որ ինքն այլ կարծիք ունի և չի ուզում վիճել: