Քաղաքական Բարի օր 

Հայաստանում Շենգենյան վիզայի դիմումներն այսուհետ ընդունելու է ռուս-թուրքական կազմակերպությունը

Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտնել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Շենգենյան վիզայի դիմումներն ընդունվելու են ոչ թե Գերմանիայի դեսպանության կողմից, այլ առանձին ծառայություններ մատուցող «ՎիզաՄետրիկ» կազմակերպության , որը շահող է ճանաչվել Հարավային Կովկասում գործունեություն իրականացնելու համար կազմակերպված մրցույթում:
Դեսպանի խոսքերով, կարևոր է հասկանալ, որ խոսքը վերաբերում է դիմումների ընդունմանը և բացառապես Շենգենյան վիզաներին, որոնք նախատեսված են Շենգենյան տարածքում կարճաժամկետ կացության համար:

Ինչ վերաբերում է ազգային վիզաների դիմումների ընդունման ընթացակարգին, ապա այս մասով փոփոխություններ չեն լինելու:

Դեսպանի խոսքերով, այս փոփոխություններն իրենց հետ առավելություններ են բերելու և վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ շատ երկրներում վերոնշյալ տարբերակումն արդեն եղել է և տվել է իր արդյունքները:

Քիսլերը մի քանի անգամ շեշտեց, որ վերոնշյալ կազմակերպությունը զբաղվելու է բացառապես դիմումներն ընդունելով, իսկ որոշումները շարունակելու են կայացնել Գերմանիայի ԱԳՆ-ի գործուղած աշխատակիցները:

Հավելենք, որ «ՎիզաՄետրիկի» կազմակերպությունը ռուս-թուրքական կազմակերպություն է, ինչը հաստատել է նաև դեսպանը և նշել, որ Հայաստանը՝ հաշվի առնելով այն, որ կազմակերպությունը ռուս-թուրքական է, տվյալների անվտանգության հետ կապված չպետք է անհանգստանա, քանի որ, դեսպանի խոսքով, անհանգստանալու կարիք չկա, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը՝  երկարամյա փորձ ունեն ոլորտում և իրենց համար վստահելի են:

 

Նույն շարքից