Ադրբեջանում դժգոհ են Ռուսաստանից ստացած զենքի որակից: Այս մասին հայտնում է «Беларуская Праўда»-ն:
Բելոռուսական պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ 2017 թվականի վերջին ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական նիստի ժամանակ Բաքուն բարձրացրել է ռուսական զենքի որակի հարցը՝ Ռուսաստանին կոչ անելով կատարել բոլոր պարտավորությունները՝ կապված զենքի մատակարարման հետ:
Նշվում է, որ նիստի ժամանակ ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է հայտնել՝ կապված «Սմերչ»-երի, ՀՄՄ-3-ների, Т-90С-երի, «Тор-М2»-ների և մի շարք այլ զինատեսակների մատակարարման մասով: Բաքվի հիմնական դժգոհությունը պայմանավորված է մատակարարվող զինատեսակների որակի հետ: Ադրբեջանական իշխանությունների կարծիքով, դրանք չունեն այն բնութագիրը, որը պետք է ունենան: Բացի դրանից, այդ սպառազինությունը շատ արագ է շարքից դուրս գալիս:
Բաքուն հայտարարել է նաև, որ, օրինակ «Սմերչ»-ի հրթիռները չեն պայթում կրակելու ժամանակ, խնդիրներ կան նաև Ми-35 ուղղաթիռների հետ կապված և այլն:
Ռուսական կողմի արձագանքի մասին տեղեկություններ չկան: