Բարի օր Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Ինչու Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից. Սլավա Սարգսյանը՝ ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցերի մասին

analitik.am

Սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ Analitik.am -ը քննարկեց հայկական ֆուտբոլը, ֆուտբոլային մեկնաբանությունները և լավ սպորտային մեկնաբան դառնալու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք սպորտային մեկնաբան: Պատմեք մի փոքր սպորտային կյանք մուտք գործելու մասին։

Ես մի քանի անգամ նշել եմ այս մասին, բոլորովին պատահաբար եմ մասնակցել մրցույթի, այդ ժամանակ դեռ ապրում էի Թիֆլիսում, 1972 թ-ին էր, մի օր ընկերներով եկել էինք խաղ նայելու, ընկերներս ասացին՝ դու էլ մասնակցիր, ինձ լավ գիտեին դեռ դպրոցական տարիքից, ես էլ մասնակցեցի ու միանգամից անցա, իհարկե դրանից հետո փորձաշրջան անցա, հետո նոր եթեր տրամադրեցին: 1972 -1973-ին փորձաշրջան եմ անցել, իսկ արդեն 1974 -ից սկսել եմ:

Նշեք ամենահետաքրքիր խաղը, որ երբևէ մեկնաբանել եք: Ինչո՞վ էր այն հիշարժան։

Այդպիսի խաղեր շատ կան, դժվարանում եմ հիմա առանձնացնել որևէ խաղ, բոլոր խաղերն էլ հետաքրքիր են եղել: Բազմաթիվ հաղթանակներ դրսում՝ այն ժամանակ սովետական միության առաջնություն էր, «Արարատ» -ի հետ մեկնում էինք տարբեր խաղերի և, իհարկե, այդ թվականներին գրեթե բոլոր խաղերն էլ ինձ համար շատ հետաքրքիր էին, որովհետև «Արարատ» -ը շատ լավ էր խաղում: Նաև, բնականաբար, երբ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց խաղալ, ազգային հավաքականի մասնակցությամբ գրեթե բոլոր խաղերը:

Ձեր նախընտրած խաղաոճը համապատասխանում է արդյո՞ք մեր ազգային հավաքականի խաղաոճին:

Գիտեք ոնց, ոճը ձևավորվում է ֆուտբոլիստների խաղամակարդակից, եթե այսօր ունենանք բարձրակարգ ֆուտբոլիստներ, ապա իհարկե ավելի բարձր կարգի ֆուտբոլ կցուցադրեն և ինչքան ֆուտբոլիստների մակարդակը բարձր է, այնքան նրանց ոճն ու խաղաձևն էլ է բարձրանում, ավելի հետաքրքիր խաղ են ցուցադրում: Հիմա, եթե մի քանի Մխիթարյան ունենայինք…

Բնականաբար մարզիչն էլ է որոշում այդ ոճը, խաղալ պաշտպանությունից, խաղալ ավելի կազմակերպված, ընդհանուր գրոհին հնարավորություն տալ մասնակցելու բոլոր ֆուտբոլիստներին, իհարկե,  բացի դարպասապահից:

 

2016 թ.- ին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները մեկնաբանելու համար անցկացվեց մրցույթ: Պատմեք այդ մասին:

Դե գիտեք, դա կազմակերպել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ես այդ հանձնաժողովի մեջ եմ եղել, մենք աստիճանաբար լսեցինք նրանց և ընտրեցինք իրենցից մի քանիսին, որոնց հիմա եթեր է տրամադրվում: Հիմա իրենք պետք է աշխատեն, պիտի շատ աշխատեն, որպեսզի կարողանան այնպես մեկնաբանել , որ դժգոհություններ քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն: Դժգոհություններ միշտ էլ կլինեն, բայց գոնե հնարավորինս քիչ լինեն: Այսօրվա դրությամբ իրենց  մոտ փորձի պակասն է, սկսնակ են: Գիտեք ինչ, այն ժամանակ՝  70-ականներին, երբ կայացանք, այն ժամանակ հզոր «Արարատ» ունեինք, ավելի հեշտ էր կայանալը, հիմա էլ աշխարհի առաջնություն ենք ցույց տալիս, Եվրոպայի առաջնություն ենք ցույց տալիս, կոնֆեդերացիայի գավաթ ենք ցույց տալիս: Նրանք աստիճանաբար պետք է աշխատեն, որպեսզի այս ասպարեզում կայանան: Չեմ կարող ասել, որ առայժմ նրանք կայացել են, բայց կայացման փուլում են:

Ըստ Ձեզ` Հայաստանի հավաքականը ո՞ր մարզչի օրոք է լավ հանդես եկել:

Ամենալավ խաղը ցուցադրվել է Վարդան Մինասյանի օրոք ու շատ կոմբինացիոն, գեղեցիկ խաղ էր ցուցադրում և արդյունքներ ևս կային: Եղավ մի պահ, երբ գրեթե Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր էին նվաճում: Մարզիչի համար շատ կարևոր է նաև, թե ինչ ֆուտբոլիստների հետ է աշխատում:

Ի՞նչ նշանակություն ունի հայերի համար ֆուտբոլը և Ձեր կարծիքով ֆուտբոլասերների և լրատվամիջոցների անդրադարձն  ազդո՞ւմ է մեր հավաքականի վրա:

Մեզ մոտ ֆուտբոլը համար առաջին մարզաձևն է համարվում, բոլորը սիրում են ֆուտբոլ և այդ մեծ սիրուց է գալիս, որ առանձին դեպքերում նաև քննադատում են և՛ մեկնաբաններին, և՛ ֆուտբոլիստներին, և՛ ցուցադրած վատ խաղը և՛ ոգևորվում են լավ խաղից: Ֆուտբոլն այդպիսինն է, բոլորի ուշադրության կենտրոնում է, և ինձ թվում է՝ ինչքան ֆուտբոլիստները լավ խաղան, այդքան դժգոհությունները քիչ կլինեն: Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ես վստահ եմ, եթե լավ խաղան,  մի քիչ մեկնաբանության ձևն ու մակարդակն էլ կփոխվի: Իսկ հավաքականի ոգին չէի ասի, որ կոտրում են, ֆուտբոլիստների ոգին կարող են կոտրել ստադիոնում երկրպագուների ավելորդ բացականչությունները: Ուրիշ բան է, երբ խաղից հետո և՛ ֆուտբոլասերներն են  դժգոհություն արտահայտում,  և՛ լրատվամիջոցները:

Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» - ի կազմից դուրս գալու վերաբերյալ: Նրա խաղը ներկայումս ինչպիսի՞ն է:

Հ.Մխիթարյանը հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների վառ անհատականություններից մեկն է, իսկ այսօրվա դրությամբ հայկական ֆուտբոլի անվիճելի առաջատարը: Իսկ ինչ վերաբերվում է  «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, շատ են եղել դեպքեր, երբ լավ ֆուտբոլիստը չի կարողացել ինչպես հարկն է դրսևորել իրեն որևէ թիմում: Ես կարծում եմ, որ Հ.Մխիթարյանի հեռանալն այնտեղից առաջին հերթին կապված էր մարզչի հետ հարաբերությունների հետ: Ժ.Մորինիոն շատ սկզբունքային մարզիչ է և շատ դեպքերում անհասականալի որոշումներ է կայացնում: Իսկ Հ. Մխիթարյանի խաղը Յունայթեդում լավ ստացվում էր, շատ հաջող խաղում էր, շատ հետաքրքիր համագործակցություն կար նրա խաղի մեջ և արդյունք էլ էր ցույց տալիս, պետք է ֆուտբոլիստին նաև հոգեբանորեն տրամադրել խաղին, եթե ֆուտբոլիստին հոգեբանորեն կոտրում են, ապա նա մի քանի անգամից հետո չի կարողանում դրսևորել իր լավագույն որակները: Իսկ Յունայթեդից տեղափոխվելուց հետո, տեսաք, թե Հ.Մխիթարյանը ինչպես նորից աստիճանաբար գտնում է իր լավագույն որակները և լավ մարզավիճակ ձեռք բերելուց հետո կդառնա այդ թիմի անվիճելի առաջատարը:

Ամենաշատը ո՞ր ֆուտբոլային հանդիպումը կցանկանայիք մեկնաբանել:

Ստաժավոր մեկնաբանների համար չեմ կարծում, թե որևէ տարբերություն կա: Ցանկացած պրոֆեսիոնալ մեկնաբան պատրաստ պետք է լինի ցանկացած հանդիպման, խաղը որևէ նշանակություն չունի, իհարկե, երբ խաղում են առաջին մեծության աստղերը, այդ հանդիպումը բոլորի ուշադրության կենտրոնում է՝ այդ թվում նաև մեկնաբանի: Մեկնաբանն այդ ժամանակ ավելի ոգևորված է, ավելի կազմակերպված և ավելի շատ բան ունի ասելու:

Եվ որպես արդեն փորձառու մեկնաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր փորձելու են իրենց սպորտային մեկնաբանի կարգավիճակում:

Առաջին հերթին հայերենի լավ իմացություն, երկրորդ հերթին՝  իր մասնագիտությունը լավ իմանալ, այսինքն, եթե ֆուտբոլ է մեկնաբանում, ֆուտբոլ պետք է լավ պատկերացնի, եթե բասկետբոլ է վարում, բասկետբոլ լավ պիտի պատկերացնի, եթե բռնցքամարտ է վարում, բռնցքամարտը լավ պիտի պատկերացնի ու անընդհատ պետք է խորանա իր մասնագիտության մեջ: Մեկնաբանը մի մասնագիտություն է, մարզաձևն իմանալը՝ երկրորդ մասնագիտություն, երկուսն էլ պետք է համատեղի, որպեսզի կարողանա լավ մեկնաբանել, որպեսզի դժգոհություններն էլ իր հերթին քիչ լինեն: Պետք է աշխատել ամեն օր, եթե մի օր, երկու օր հանկարծ որևէ բան ուշադրությունից դուրս թողնի, իր համար կստեղծվեն դժվարություններ: Եվ ինչպես նշեցի,  պետք է լուրջ ուշադրություն դարձնել հայերենին և, իհարկե, պետք է առոգանություն ունենալ, մեկնաբանի համար գոյություն ունի դիկցիա: Եվ հետո, այդ բոլոր որակներն ունենալով հանդերձ, պետք է ամեն օր աշխատել: Իմ կարծիքով մեկնաբանը շատ բաներ պետք է զոհաբերի, որպեսզի կարողանա լուրջ մեկնաբան դառնալ:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից