Բարի օր Ռազմական Քաղաքականություն 

Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան դառնա եվրոպական պետություն. Հույն նախարարը՝ Հայաստանում

analitik.am

Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:

Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա արտաքին գործերի նախարարի հետ: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ի դեպ, Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել  Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո նախարար Կամմենոս, հարգելի գործընկերներ, պատվիրակությունների հարգարժան անդամներ:

Կրկին ողջունում եմ իմ լավ ընկերոջը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և իր գլխավորած պատվիրակությանը բարեկամ Հայաստանի Հանրապետությունում:

Պարոն Կամմենոսի պաշտոնական այցը Հայաստան լավ առիթ է 2016թ. դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Այս այցը լավ առիթ է նաև ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ԱրմՀայՏեք ցուցահանդեսի շրջանակներում:

Պետք է գոհունակություն հայտնեմ և ասեմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016 թվականին Աթենքում, լիարժեք կատարվում են, ամեն տարի մենք ընդլայնում ենք ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, որոնք նախանշված են, լիարժեք կատարվելով հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով:

Մեր հանդիպումների ընթացքում մենք ևս մեկ անգամ փաստեցինք երկու բարեկամ պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություններին:

Օգտվելով առիթից, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իրադրությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշումը, և ես շնորհակալ եմ նախարար Կամմենոսին մանրակրկիտ տեղեկության համար, որ ինքն ունի հակամարտության մասին, և այն պատրաստակամության համար, որ նա հայտնեց մեր փոխգործակցությունը շարունակելու համար և հնարավորինս հեշտացնելու բանակցություններում, խաղաղ գործընթացում ընդունելի լուծումներ գտնելու հարցը:

Ուզում եմ նշել, որ մենք փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք, մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում և այսօր զինված ուժերում զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ` իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը, և բնական կամուրջ են հանդիսանում մեր երկրների և զինված ուժերի միջև:

Քննարկեցինք նաև մեր հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը և երկուստեք անթույլատրելի համարեցինք այդ պետության կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես պարոն Կամմենոսին տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին:

Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում:

Պարոն Կամմենոսի հետ քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում համագործակցության առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ փաստեցինք, որ ամենամյա երկկողմ համագործակցության ծրագրերը ոչ միայն տարեցտարի ընդլայնվում են, այլև իրականացվում են մեծ արդյունավետությամբ: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի մեր գործընկերներին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերին տրամադրվող համակողմանի ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օժանդակության համար:

Ընդհանուր առմամբ, համագործակցությունը պաշտպանության բնագավառում ներառում է ամբողջ ուսումնական, վարժական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում, բարձր ենք գնահատում նաև խորհրդատվության փոխանակումը զինված ուժերի զարգացման տարբեր հարցերի շուրջ: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը:

Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը:

Վերջում, կրկին ողջունում եմ Ձեզ, պարոն Կամմենոս և մաղթում արդյունավետ աշխատանք այցի ընթացքում: Շնորհակալություն: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն էլ համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել է հայաստանյան ԶԼՄ-ների հարցերին.

 

Նույն շարքից