Կա երկու սցենար՝ կամ Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, կամ մենք թույլ չենք տալիս դա անել: Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, եթե որևէ քայլ չձեռնարկվի, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, այսինքն՝ ժողովուրդը կպարտվի: Իսկ եթե ինչ-որ քայլեր իրենք ձեռնարկեն, հնարավորություն կստեղծեն հաղթանակի համար. «Եթե ժողովուրդը որոշի մասնակցել պայքարին, կհաղթի»:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, եթե հաջողվի անել այնպես, որ գործող նախագահը չլինի վարչապետի թեկնածու, վարչապետի ընտրությունները տեղի չեն ունենա. «Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը և քաղաքական գործընթացը վերցրել իր ձեռքը: Եթե ՀՀ քաղաքացիները կարողանան այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, ուրեմն կարող են նաև անել այնպես, որ ՀՀԿ-ն չունենա վարչապետի թեկնածու»:
Ինչ վերաբերում է նրան, թե ով է լինելու այդ դեպքում ՀՀ վարչապետի թեկնածուն, ապա Փաշինյանի խոսքերով, դա որոշելու են այն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են գալու փողոց:
Պատգամավորը նաև նշեց, որ իրենք մերժում են բռնությունը, ինչպես նաև բռնությունը որպես հակազդեցություն և կհամագործակցեն նրանց հետ, ովքեր կտեղավորվեն այդ սկզբունքի մեջ:
Հանուն Հայաստան պետության ճակատի հետ համագործակցության մասով Փաշինյանը նշեց, որ հարցը կմնա չորոշված, քանի դեռ այդ նախաձեռնությունը հայտարարությամբ հանդես չի եկել՝ հայտնելով իր տեսակետը վերոնշյալի մասով: