Հայաստան Քաղաքական 

Ջրցանը միացնեն, Փաշինյանը թռնի մի կողմ. Փաշինյանը հույս ունի թռչել սովորել

«Երբ մենք ՀՀ ժողովրդին կհրավիրենք հրապարակ՝  Սերժ Սարգսյանին հեռացնելու համար, վերջինս 10 օրվա ընթացքում պետք է հեռացած լինի»,-այսօր՝ մարտի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարտի 31-ին հրապարակելու են իրենց ճանապարհային քարտեզը, և դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած կլինի:

Փաշինյանի խոսքերով, ապրիլի 10-ին գործող նախագահն արդեն իշխանություն չի ունենալու, և իրենց  խնդիրն է անել այնպես, որ վերջինս չվերադառնա:

«Ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը պետական պաշտոն չի ունենալու, ՀՀ-ում կառավարություն չի լինելու, պաշտոնակատարներ են լինելու: Արմեն Սարգսյանը ստանձնելու է պաշտոնը, սակայն ոչ մի գործառույթ չի ունենալու ուժային կառույցների վրա: Նույնը վերաբերում է նաև ԱԺ-ին: Ամենագործուն ուժը լինելու է ՀՀ քաղաքացին, ով եթե որոշի հաղթել, կհաղթի: Ես ինձ համարում եմ դրա  երաշխավորողը»:

Փաշինյանը նաև կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ հույս ունի մեկնարկելիք պայքարի ժամանակ նոր բաներ սովորել: Երբ լրագրողներից մեկը նշեց, թե ինչ են անելու հնարավոր պայքարի մասնակիցները, եթե հանկարծ իրավապահները որոշեն ցրել հավաքվածներին՝ դիմելով օրինակ ջրցանների օգնությանը, միացնեն դրանք և Փաշինյանը մի կողմ թռնի, վերջինս նշեց, որ հույս ունի թռչել սովորել:

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության հայտնվելու մասին՝ հայտարարելով, որ պետք է զգույշ լինել, քանի որ մեր իշխանություններն ամեն տարի մեր ինքնիշխանությունից ինչ-որ բան են զիջում, և եթե պարզվի, որ ռուսական ռազմական ոստիկանությունը գործառույթներ է ունենալու նաև ռուսական ռազմաբազայի ցանկապատերից դուրս, դա կհամարվի անընդունելի:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում  են ապրիլի 9-ին:

 

 

 

Նույն շարքից