Հայաստան Քաղաքական 

Ի՞նչ է անելու Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանությունը, եթե ռազմաբազայից զինծառայող դիմի փախուստի

1995 թվականին ստորագրված և 1996 թվականին վավերացված պայմանագրում չի խոսվում այն մասին, որ Ռուսաստանը բացի ռազմաբազայից Հայաստանում կարող է այլ ռազմական ստորաբաժանում ունենալ: Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում՝ Գյումրիում և Երևանում, ռուսական ռազմական ոստիկանություն է հայտնվելու:

Գրիգորյանի խոսքերով, ռազմական ոստիկանության մասին խոսք լինել չէր կարող, ինչը տրամաբանական է, քանի որ Ռուսաստանում ՌՈ-ն ստեղծվել է միայն 2011 թվականին, ՌԴ ՊՆ-ի ներսում. «Եթե նման ստորաբաժանում պետք է հայտնվի Հայաստանում, հարցը պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ հիմունքներով է դա լինելու: Եթե պետք է, թող նոր պայմանագիր պատրաստեն, որը պետք է անցնի բոլոր փուլերով, այդ թվում նաև ԱԺ-ով»:

Գրիգորյանը կարծում է, որ այլ երկրների ուժային կառույցների հետ կապված հարաբերություններում բոլոր սցենարները պետք է դիտարկել. «Պարտադիր չէ ասել, որ վատագույն սցենարն է լինելու, սակայն պետք է դա անել մեր շահերից ելնելով: Ինչպես հասկացանք, այդ ստորաբաժանումները պետք է կարգուկանոն հաստատեն ռազմաբազայում: Շատ լավ, եկեք քննարկենք, թե ինչ նյուանսներ կան»:

Գրիգորյանը օրինակ չգիտի, թե ինչ են անելու ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները, եթե բազայից զինծառայողները դիմեն փախուստի ու հայտնվեն դրսում: Դրա համար էլ նա կարծում է, որ պետք է նոր պայմանագիր լինի բոլոր հարցերի պատասխանները տալու համար:

 

 

Նույն շարքից