Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը՝ եռյակի մերժման մասին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տալիս Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակից հետաքրքրվել, թե ինչու չընդունեցին եռյակի տասներկու կետը քննարկելու իր առաջարկը: «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն: Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և Կառավարությանը վստահեն»,-այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչ է անում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց՝ գործ:

Իսկ հարցին, թե եռյակի տասներկու կետից որևէ մեկը դեռ չի իրականացել, ո՞րն է արված գործը, վարչապետը պատասխանեց. «Իրենց հետ մենք խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումներն իրականացնելու ենք: Որևէ կետ չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են նաև լինել առաջարկներ, որոնց շուրջ մենք չպայմանավորվենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնելը:

Մենք նույնիսկ համաձայնել ենք տասներորդ կետից սկսել քննարկումը, մենք կառուցողական ենք և ընդդիմության հետ ուզում ենք աշխատել, մեր նպատակն է դա, իսկ եթե իրենք չեն ուզում մասնակցել, քննարկել, իմ կարծիքով՝ մենք անելիք չունենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նույն շարքից