«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցով նոր հնարավորություններ են բացվել, ինչից պետք է օգտվել այնքան, որքան հնարավոր է:
Այսօր՝ ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյայից 2 տարի անց, տիկին Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պատերազմը որևէ բան չփոխեց, նույնիսկ մեկ ստորակետ չի փոխվել Մադրիդյան սկզբունքներում, սակայն ազդակներ կան, որոնցից մեկն էլ հենց Սահակյանի ամերիկյան այցն է. «Ուզում եմ մեկ փաստի վրա կանգ առնել։ Բակո Սահակյանի հրավերը Վաշինգտոն ինձ համար մի նոր ազդակ է։ Դա խոսում է նրա մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ և դրանից պետք է օգտվել այնքան, որքան կարող ենք, մի բան էլ ավելի»:
Ինչ վերաբերում է պատերազմի օրերին ադրբեջանական կողմի իրականացրած հանցագործություներին, ապա Ալավերդյանը վստահ է, որ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Տիկին Ալավերդյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններից տուժածների փաստաբանական խմբի անդամ է, նշեց, որ քաղաքական ճնշումը Հայաստանի կողմից ավելի ուժեղ պետք է լիներ: