Ապրիլյան պատերազմն ավարտվեց մեզ համար հաղթանակով, քանի որ ադրբեջանցիների նպատակն Արցախի օկուպացիան էր, հայկական պետության ոչնչացումը: Այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ հակառակորդը կանգ չէր առնելու, եթե կարողանար Ստեփանակերտը վերցնել, կվերցներ և՛ Զանգեզուրը, և՛ մատենադարանը, և՛ Էջմիածինը:
«Բայց ցավալի մի բան կա. Պարզվում է, որ 100 տարի առաջ Ղարսը հանձնողները նույնպես բազմացել են: Այսպիսի բան չպետք է լիներ, հակառակորդը ոչ մի քայլ առաջ չպետք է գար: Ադրբեջանի մտքով չպետք է անցներ հարձակվել Հայաստանի վրա: Ադրբեջանը հարձակվեց, որովհետև գիտեր, որ Հայաստանում կան «Ղարսը» հանձնողներ»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ մենք պետք է զգոն լինենք, քանի որ ոչ միայն հայ լինելն է վտանգավոր, այլ նաև Հայաստան պետության ապագան է վտանգված:
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին՝ Արշակյանը նշեց, որ ռուսական կողմն ավելի լավ տարբերակ կարող էր ընտրել. «Ռուսաստանը կարող էր անել այնպես, ինչպես ԱՄՆ-ն արեց ու անում է Իսրայելի մասով: ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին հզոր բանակ ստեղծել, ինչի շնորհիվ կարիք չեղավ ու չկա, որ ամերիկացի զինվորները գան Իսրայել: Հայաստանը հավատարիմ դաշնակից է, հայկական բանակը պետք է գերհզոր լիներ, Հայաստանի տնտեսությունը պետք է կենսունակ լիներ՝ Ռուսաստանի օգնությամբ: Մենք կմնայինք Ռուսաստանի դաշնակիցները»,-ասաց Արշակյանը
Հարցին, թե ինչ-որ կապ ունի արդյո՞ք Պերմյակովի գործը ռուսական ռազմական ոստիկանության՝ Հայաստանում հայտնվելու հետ, Արշակյանն ասաց, որ Պերմյակովի գործն ավելի շատ զինկոմիսարիատների գործն է: