Բանակաշինությունը պետականաշինության նման շարունակական բնույթ է կրում: Այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, թե մարդիկ, ովքեր ինչ-որ պահի համարում են, որ ամեն ինչ արված է տվյալ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով գործընթացը շարունակելու համար:
Վիգեն Սարգսյանի կարծիքով, մեր բանակաշինությունը բացառիկ գործընթաց է, քանի որ մեր բանակն ամեն ինչ սկսել է զրոյից և վերածվել է հաղթական բանակի:
Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ Սարգսյանն ասաց, թե ցավալի է, որ մենք կորուստներ ունեցանք, սակայն մինչ այս օրը երկիրը պաշտպանելու համար այլ ձև չկա. «Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարի շուրջ: Ցանկացած զինվորական գերեզմանատանն ամեն անգամ ցավի, կորստի զգացում է լինում: Միևնույն ժամանակ կա մեծ հպարտության զգացում այն մարդկանց անցած ուղղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում: Մեր բոլորի պարտքն է անել այնպես, որ այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»:
Պաշտպանության նախարարի խոսքերով, այս տարիներին մենք որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանություն չի կարող ինել հասարակության մի մասի ուսերին դրված կամ պետությա կենսակերպից կտրված. «Մենք որպես ազգ-բանակ պետք է պատրաստ լիենք պաշտպանել մեր երկիրը, պետությունը, այն հսկայական ժառանգությունը, որը մենք ունենք որպես ժողովուրդ: Մեր պայքարը չի սկսվում և ավարտվում Ղարաբաղով: Մենք պետք է պատրաստ լինենք արագ զարգանալու և այդ զարգացումը պաշտպանելու համար: Չեմ կարծում, թե որևէ պաշտպանության նախարար պետք է կանգնի և հասարակության աչքերին ասի, թե ամեն ինչ արվել է, ամեն ինչ փայլուն է, որևէ խնդիր չկա: Ով նման բան ասի, կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում կամ անելիք չունի: Ես կարող եմ մի բան ասել՝ մենք շատ հետևողական աշխատել ու աշխատելու ենք մեր բանակի համբավն այն մակարդակի վրա պահելու համար, որով մենք դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից՝ զինադադար կնքելիս: Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք լուծելու շատ ավելի բարդ խնդիրն, որոնք ի հայտ են գալիս 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»: