Քաղաքական Միջազգային Բարի օր Իրավական 

Մագոմեդով եղբայրների կալանավորումը, վերջիններիս կապը Դմիտրի Մեդվեդևի հետ

Մոսկվայում կալանավորել են Մոգաբեդով եղբայրներին, ինչն առիթ է տվել մի շարք փորձագետների և վերլուծաբանների եզրահանգել, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լուրջ խնդիրներ ունի: Նշենք, որ միլիարդատեր  Մագոմեդով եղբայրները  հանդիասնում են «Сумма» խմբի համասեփականատեր: Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից և ռուսական այլ ԶԼՄ-ներից:

Փորձագետները նշում են, որ Զիյավուդին Մագոմեդովի բիզնեսը ծաղկում է ապրել մասնավորապես 2008-2012-ին, երբ Դմիտրի Մեդվեդևը զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Զիյավուդին Մագոմեդովը տնօրինում է «Сумма» խումբը, որն իր հերթին բաժնեմաս ունի FESCO տրանսպորտային խմբում, «Միացյալ հացահատիկային կազմակերպություն»-ում, Յակուտյան վառելիքա-էներգետիկական  կազմակերպությունում: Մագոմեդովին  է պատկանում նաև Ռոտերդամ նավահանգստի տերմինալի օպերատորը, ինժեներային կազմակերպություններ, հացահատկային տերմինալների բաժնեմասեր: «Сумма»-յի ամենախոշոր  ակտիվներից մեկն է «Նովոռոսիսկի ծովային առևտրային նավահանգիստ»-ը:

Forbes-ը Զիյավուդին Մագոմեդովի ունեցվածքը գնահատել է 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Մագոմեդովներին այժմ  մեղադրում են Կալինինգրադի ստադիոնի, որտեղ անցկացվելու են 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը,  շինարարության ժամանակ արված մեքենայությունների մեջ:

Հարուցվել է քրեական գործ  հետևյալ հոդվածներով՝ խարդախություն, վատնում, հանցավոր խմբի ձևավորում:

Ինչպես հայտնում են, քննության ընթացքում պարզվել է, որ «Балтики-арены»-ի շինարարության ժամանակ հափշտակվել է  ավելի քան  750 մլն ռուբլի:

Մագոմեդով եղբայրների կալանքը վկայում է ՌԴ քաղաքական էլիտայում հասունացած կոնֆլիկտի մասին:  Փորձագետները բացատրում են, որ ռուսական քաղաքական էլիտայի շրջանակներում առաջ եկած անհանգստությունները կարող են պայմանավորված լինել նրանով, որ Զիյավուդին Մագոմեդովը մտերիմ հարաբերությունների ունի ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ:

Republic- տվյալներով,  Մագոմեդովի  «Стройновация» կազմակերպությունը խոշոր պատվերներ է ստացել «Транснефть»-ից այն բանից հետո, որբ Դվորկովիչը դարձել է պետական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ:

Նշվում է, որ Դվորկովիչը Մեդվեդևի թիմից է, ուստի Մագոմեդով եղբայրների կալանավորումը դիտարկվում է՝ որպես հարված Մեդվեդևին: Նշենք, որ այս պահին քննարկվում է  ՌԴ վարչապետի թեկնածուի  և կառավարության կազմի հարցը:

Մագոմեդովները կապվում են նաև Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: 2015-ին Ալեքսեյ Նավալնին պնդում էր, որ հենց Մագոմեդով եղբայրներն են վճարել Պեսկովի՝ Matlese Falcon նավի վրա անցկացրած թանկարժեք հանգստի համար:

ԶԼՄ-ներում նաև տեղեկություն կա այն մասին, որ Մագոմեդով եղբայրները մտերիմ կապեր ունեն Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ:

«Царьград»-ի թղթակից Յուրի Պրոնկոն էլ՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել է.  «Այժմ նեղ, բայց ոչ շատ փակ դռների ետևում ծավալվել է նախարարների պորտֆելների համար  իրական պայքար: Եթե հնարավորություն կա մրցակցին հեռացնելու՝ իմանալով, թե նա ինչպես է վարել իր գործերը վերջին տարիների ընթացքում, ապա դրանից անպայման կօգտվեն: Ակնհայտ է, որ Մագոմեդով եղբայրները կապված են փոխվարչապետ Դվորկովիչի հետ, իսկ նրա միջոցով էլ Մեդվեդևի հետ»:

«Царьград»-ը նշում է , որ եղբայրների դեմ հարուցված քրեական գործը կարող է արմատապես փոխել ՌԴ քաղաքական և բիզնես էլիտաների դիրքերը:

«Ակնհայտ է, որ այսպես կոչված լիբերալների կլանին, որը վերջին տարիներին զբաղված էր Ռուսաստանի վաճառքով, կարող է հասցվել ջախջախիչ հարված: Հարվածի տակ կլինեն բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են Արևմուտքին՝ մոռանալով սեփական երկրի շահերը»,- պնդում է Պրոնկոն:

Ըստ Ինտերֆաքսի տվյալների, Մագոմեդով եղբայրներն այս պահին պահվում են քննչական «վիպ մեկուսարանում»: Նշվում է, որ այս մեկուսարանում պահվում են, այսպես կոչված, բարձրաստիճան կալանավորները: Ինտերֆաքսը նշում է նաև, որ այս տեղեկության պաշտոնական  հաստատում չունի:

Նույն շարքից