«Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, մոր, ով սպա է ծնել, դաստիարակել, մոր, ով ցանկացած սպայից լավ հասկանում է, թե ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանությունը: Ես հանդիպել եմ նրա հետ, մեծ հարգանք ու ակնածանք ունեմ իր անձի նկատմամբ: Իր դժգոհությունը նա հայտնել է նախկինում ևս՝ մինչ իմ նախարար նշանակվելը»,- այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը դժգոհ է, որ որդուն հերոսի կոչում չի շնորհվում:
Սարգսյանը նշեց, որ ինքը բացատրել է Ուրֆանյանի մորը, որ դա նախարարի մակարդակով լուծվող խնդիր չէ, յուրաքանչյուր նման դեպք ուսումնասիրվում է, հատուկ հանձնաժողովների կողմից միջնորդություն է ներկայացվում ՊՆ-ին, նախարարը՝ ՀՀ նախագահին, և կայացվում է որոշումը. «Պետական պարգևները շատ կարևոր են երախտագիտություն հայտնելու համար, բայց ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն և պետություն, հասունացելե նք այնքան, որ չենք սահմանափակվելու դրանով: Մենք ունենք հատուկ ծրագիր՝ «Դուք մենակ չեք», որի ընթացքում զոհված ընտանիքներին կցվում են առաջին կուրսի կուրսանտներ, ովքեր ամբողջ ուսման ընթացքում այցելում են այդ ընտանիքներ: Դա միաժամանակ մի քանի խնդիր է լուծում՝ նախ թույլ է տալիս, որ այդ ընտանիքը պահպանի կապը բանակի հետ, իսկ բանակը հնարավորություն է ունենում հարազատի կարգավիճակում լինել այդ ընտանիքներում, հասկանալ խնդիրները, օգնել լուծել դրանք: Բացի դրանից, զինվորները տեսնում են որդի կորցրած ընտանիքի ցավն ու վիշտը, ինչը կարևոր է ապագա սպայի համար: Նման ծրագրերը շատ կան և ես չեմ ուզում այսօր խոսել ֆինանսական օգնության կամ աշխատանքների մասին, որոնք արվել են: Միայն կասեմ, որ բոլոր դեպքերը ծանոթ են ՊՆ-ին, և եթե հնարավոր է լրացուցիչ քայլեր անել, արվում է: Դա բոլորիս պարտքն է»:
Ինչ վերաբերում է կորցրած տարածքներին՝ այդ թվում նաև Լելե Թեփեն ետ բերելու անհրաժեշտությանը, ապա պաշտպանության նախարարը նշեց, որ առաջնագիծն ամուր պահելու առաջնահերթություն կա, զինադադարը պահպանելու խնդիր կա, որպեսզի այն որևէ ճեղք չտա, որպեսզի խաղաղ բանակցությունները հնարավոր լինի շարունակել: