ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին սահմանների պաշտպանության վերաբերյալ օրենք ընդունել և կանխել Մեքսիկայից ԱՄՆ անօրինական ներթափանցող միգրանտների հոսքը:
«Կոնգրեսը պետք է անմիջապես օրենք ընդունի սահմանների պաշտպանության մասին և անհրաժեշտության դեպքում օգտագործի «միջուկային գործառույթը» (Nuclear Option), որպեսզի կանխի մարդկանց և թմրանյութերի զանգվածային հոսքը: Սահմանապահները և (էմիգրացիոն վերահսկողության ծառայության աշխատակիցները -ICE) լավն են, սակայն դեմոկրատների թույլ օրենքները թույլ չեն տալիս նրանց լավ կատարել իրենց աշխատանքը: Կոնգրես, հիմա գործի անցիր, այլապես մեր երկիրը կգողանան»,- գրել է Թրամփն իր Twitter-յան էջում:
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Մեքսիկայի իշխանությանը, որ դուրս կգա Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտուց, եթե Մեքսիկան անօրինական միգրանտների հարցը չլուծի:
Այսպես կոչված, «միջուկային գործառույթը»-ը (Nuclear Option) թույլ է տալիս հաղթահարել կրիտիկական իրավիճակներն այն դեպքերում, երբ կոնգրեսմենները չեն կարողանում կարևոր օրենքի նախագծի շուրջ համաձայնության գալ: Կոնգրեսի անդամներին սահմանափակ ժամանակ է տրվում կուսակցությունների միջև դեբատների անցկացման համար: Համաձայնության բացակայության դեպքում նոր քվեարկություն է անցկացվում, որի ժամանակ որոշումը կարող է ընդունվել պարզ մեծամասնության շնորհիվ՝ 51% ձայնով: