Մարդկանց հետ շփվելու և նրանց դուր գալու համար շատ կարևոր է ոչ միայն վերբալ՝ խոսքային հաղորդակցությունը, այլ նաև ոչ վերբալ՝ ոչ խոսքային, հաղորդակցությունը։ Ոչ վերբալ հաղորդակցությունը կոչվում է «մարմնի լեզու»։ Մարմնի լեզուն ոչ վերբալ հաղորդակցությունն է, երբ մտքերը, զգացմունքները, մտադրություններն արտահայտվում են ֆիզիկական պահվածքով, ինչպիսիք են դեմքի արտահայտությունը, մարմնի դիրքը, ժեստերը, աչքերի շարժումները։
Մարդու միմիկան և ժեստերը բացահայտում են նրա իրական տրամադրությունն ու ամենախորքային թաքնված մտքերը, սակայն որոշ պարզաբանումներ հանգեցնում են մեկ այլ մեկնաբանության, որն է՝ մարդկային օրգանիզմի առողջական վիճակի բարելավումը:
Ստորև ներկայացվում է ժեստերի հոգեբանական քարտեզ, որը կօգնի ավելի լավ հասկանալ դիմացինին և պարզել իրական դրդապատճառները, ինչպես նաև դրանց նայել բժշկական տեսանկյունից, որի մասին խոսվում է տարբեր աղբյուրներում:
Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է.
Տիբեթական բուժարարները դեռևս շատ դարեր առաջ գտել են, որ մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով՝ արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը, որի համար այդ կետը նույն բանն է, ինչ բանալին ավտոմեքենայի շարժիչը գործի դնելու համար։ Ասեղը խրելով այդ կետը՝ մասնագետները մարդուն հանում են ուշաթափությունից, պայծառեցնում գիտակցությունը։ Եվ ընդհակառակը, այդ կետի վրա առավել ուժգին ներգործությունը (ասենք, քթին հասցրած հարվածը) կարող է բերել մարդու գիտակցության կորստին։
Մարդը քորում է ծոծրակը կամ ականջամասի հետևը.
Այն կետերը, որոնք տեղակայված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար։ Հետևաբար, քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբել։ Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության և դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ թթվածնով հարստացած արյունն ակտիվորեն հոսիի դեպի գլխուղեղ։ Քորելով ծոծրակը՝ այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցն ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին։
Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին.
Այդպիսի դիրք ընդունելով՝ մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը: Գուցե դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին։ Մարդու ամեն կողքի վրա տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ։ Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր։ Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջև և նրանց աշխատանքն ուժեղանում է։ Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումն իջնում է։ Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը։
Մարդը կրծքի վրա խաչաձևել է ձեռքերը.
Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն, երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարձ անոթները և զարկերակը։
Զրուցակիցը մատներով տրորում է ականջաբլթակը.
Ականջի մերսումը բավականին ընդունված և հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի և ուղեղի վրա։ Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր կրելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է և դրանք վատացնել՝ ամեն ինչ կախված է անցքերի տեղակայումից։
Ձեռքի ափերը ծնկներին դրված.
Ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու է ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավիշը(լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ խոսքերով ասած՝ մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակտիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը:
Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել.
Այս գործողությունը մատնահոդերի մերսում է, այսինքն՝ մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։
Մարդը շփում է ձեռքի ափերը.
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։
Ներկայացնում ենք նաև հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն.
Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:
Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել՝ ճի՞շտ է հասկացել դիմացինին, թե ոչ:
Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:
Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:
Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել - նյարդայնացած է , անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:
Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը վերև բարձրացնելով մաշկը - փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:
Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը - այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն , սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:
Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն այս ու այն կողմ տանել - անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:
Ցուցամատով քթին հպվելը - խորհում է, ինչ - որ բան կասկածում:
Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը - փորձում է ինչ-որ բան պարզել:
Ցուցամատով քթի տակ շոյելը - անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:
Երբեմն ժեստերը մեկնաբանելիս մենք կարող ենք սխալվել, անպայմանորեն պետք է մեկնաբանել տվյալ ժեստն առանձին `մնացած ժեստերից և իրավիճակից կախված: Առանձին ժեստերը մեկնաբանելիս պետք է կողմնորոշվել՝ կախված իրավիճակից և հանգամանքներից: