Այն ընթացքում, երբ Բարաք Օբաման եղել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, Սպիտակ տան արևմտյան կողմում 5 հարկ ունեցող ստորգետնյա թաքստոց է կառուցվել: Այս մասին հայտնում է Washington Post-ի նախկին լրագրող Ռոնալդ Քեսսլերը՝ «Թրամփի Սպիտակ տունը. Խաղի կանոնների փոփոխությունը» գրքում: Գրքի մի հատվածը հրապարակել է Washington Examiner-ը:
Մասնավորապես, նշվում է, որ թաքստոցի շինարարությունը սկսվել է 2010 թվականին և ավարտվել Օբամայի նախագահության երկրորդ շրջանի վերջում: Շինարարությունը ԱՄՆ բյուջեին արժեցել է 376 միլիոն դոլար:
Գրքի հեղինակը գրում է, որ թաքստոցի գոյությունը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն եղել է այնտեղ:
Հարկ է նշել, որ Սպիտակ տան արևելյան թևում ևս մեկ թաքստոց կա, որն անվանվում է, այսպես կոչված, նախագահի արտակարգ իրավիճակներում օպերացիայի կենտրոն:
Քեսսլերը հավելում է նաև, որ օրական Թրամփը 6-8 սպառնալիք է ստանում: Նույնը եղել է նաև Օբամայի և Բուշ կրտսերի օրոք: