Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԺ լսումների արդյունքները կարող են հրապարակվել միայն ԱԺ նախագահի դրական եզրակացությունից հետո

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որի համաձայն խորհրդարանում լսումներից հետո ամփոփված արդյունքները կարող են հրապարակվել միայն ԱԺ նախագահի դրական եզրակացությունից հետո:  Օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Օրենքի նախագիծը արժանացավ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի դժգոհությանը:

Հովհաննիսյանին, ինչպես նաև ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չէ գալիս դրույթը, քանի որ այս կերպ նսեմացվում են լսումներ հրավիրող կողմի իրավունքները:

Աճեմյանի կարծիքով, որևէ նսեմացման մասին խոսք չկա, ուղղակի ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի լսումների արդյունքների մասին:
Հովհաննիսյանը դեմ չէ սրան, ուստի  առաջարկեց լսումների արդյունքները հրապարակել ոչ թե ԱԺ նախագահի դրական եզրակացությունից հետո, այլ վերջինիս իրազեկելուց հետո, քանի որ օրենքի փոփոխության իմաստը հենց դա է: Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր առաջարկությունը քվեարկության չի դնում՝ հնարավորություն տալով օրենքի հեղինակներին փոփոխություններ կատարել:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, եթե ի վերջո որոշվի, որ ԱԺ նախագահի դրական եզրակացությունը պարտադիր է լսումների արդյունքներն ամփոփելու համար:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և կմտնի ԱԺ օրակարգ՝ փոփոխություններ կատարելուց հետո:

 

 

Նույն շարքից