Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը ցանկանում է կրճատել հանգստյան օրերը

ՀՀ կառավարությունն առաջարկում է  «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և հունվարի 3-ը, 4-ը, 5-ը դարձնել աշխատանքային օրեր:

Օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը, ում խոսքերով նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը:

Փոխնախարարը նշեց, որ հիմա գործող օրենքում տարվա մեջ 222 աշխատանքային օր կա և աշխատողներին աշխատավարձ է վճարվում 36 ոչ աշխատանքային օրվա համար. «Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն, կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը»:

Օրենքում փոփոխություններ կատարելու համար հիմնավորումներն  անընդունելի են Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, շատ դեպքերում կառավարության հիմնավորումները հիշեցնում են ազատ թեմայով շարադրություններ:

Պատգամավորի կարծիքով, աբսուրդ է հանգուցյալներին անհանգստացնելը. «Ես չգիտեմ, թե ում մտքով է անցել հանգուցյալներին անհանգստացնել, բայց դա աբսուրդ է: Հրաչյա Աճառյանն ասում է, որ տոնը բնիկ հայկական բառ է, որը նշանակում է հասարակական հանդես, անցյալում աստվածներին մատուցած զոհը համարվել է տոն: Հիմա կանանց տոնն ի՞նչ կապ ունի այս ամեն ինչի հետ: Մենք կանանց ոչ զոհաբերում ենք, ոչ մատուցում աստվածներին»:

Պատգամավորը  խնդրեց կառավարությանն  այսուհետ հիմնավորումներն ավելի աշխատող դարձնել, որ դրանք չլինեն ազատ թեմայով շարադրություն:

 

Նույն շարքից