ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը վստահ է, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը»-ը արդյունք չի տալու՝ նշելով, թե վերջինիս գործունեությանը չեն հավատում նույնիսկ իր գործընկերները:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլերթ սկսեց Գյումրիից: Ակցիայի ընթացքում վերջիններս քայլելով հասնելու են Երևան՝ այս կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:
Այսօր՝ ապրիլի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գալստյանը նշեց, որ Փաշինյանի իրականացրած գործընթացի կձախողվի, քանի որ քաղաքական իրավիճակը, հասարակության տրամադրությունը չի նպաստում հակառակ արդյունքին. «Պրոցեսը հանուն պրոցեսի, կարծում եմ, օդ կրակված փամփուշտ է: Հայաստանում փոփոխությունները պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ ճանապարհով»:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի հարցին, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը հայտարարեց, որ դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակ իրենք լավ հասկանում էին հավանականությունը, որ այսօր հենց ՀՀԿ-ն է ձևավորելու կառավարությունը:
Գալստյանը նաև հայտնեց, որ մայիսի 1–ին իրենց կուսակցությունը հանրահավաք-երթ է կազմակերպելու, որի ընթացքում անդրադառնալու են երկրում առկա սոցիալական կարևորագույն հիմնախնդիրներին. «Հիմնականում խոսվելու է բանկային համաներման մասին. առաջարկ-պահանջ է ներկայացվելու: Խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին»: