Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայից փախցրել է ահաբեկչական խմբավորումների ղեկավարներին և ինֆորմացիա կա այն մասին, որ վերջիններս օգտագործվելու են տարածաշրջանի այլ երկրներում: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Առաջնորդներին և մի քանի խոշոր ահաբեկչի նրանք փրկել են և դուրս բերել տարածաշրջանից: Այդ ահաբեկիչները հիմա գտնվում են նրանց մոտ: Կան կասկածներ, որ նրանք օգտագործվելու են տարածաշրջանի այլ երկրներում: Կարծում եմ, որ ահաբեկչության վտանգ կա Կենտրոնական Ասիայում, Կովկասում»,-ասել է Հաթամին:
Իրանցի նախարարը նաև հավելել է, որ Թեհրանն ու Մոսկվան, ի տարբերություն միջազգային կոալիցիայի, իրական պայքար են մղել ահաբեկիչների դեմ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ ԱՄՆ-ը և կոալիցիայի մյուս երկրները դրա փոխարեն ղեկավարել են այդ ահաբեկիչներին: