Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Մեր հերոս տղաների շնորհիվ է, որ մենք այսօր կանք. Արտյոմ Այրումյան

analitik.am

Analitik.am- ի զրուցակիցն է ջութակահար Արտյոմ Այրումյանը:

Արտյոմ, ե՞րբ սկսեցիք ջութակ նվագել:

7 տարեկանից հաճախել եմ Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ դաշնամուրի բաժնում  դասավանդում էր մայրս: Եվ հաշվետու համերգի ժամանակ, որտեղ հանդես էին գալիս տարբեր երաժշտական գործիքներով, ընտրել և սիրել եմ ջութակը, որի համար շնորհակալ եմ մայրիկիս: Ավարտեցի 7-ամյա կրթությունն ու շարունակեցի՝ ավարտելով Պյոտր Չայկովսկու անվան տասնամյակը, այնուհետև Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիան՝ ուսանելով Պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանի մոտ:

Ուսման ընթացքում նվագել եք «Նարեկացի» կամերային անսամբլում, կպատմե՞ք այդ նվագախմբում Ձեր գործունեության մասին։

Այո, ուսման տարիներին նվագել եմ Նարեկացի կամերային նվագախմբում, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր ՀՀ Արվեստի Վաստակավոր Գործիչ Ռուբեն Ասատրյանը: Համերգներով հանդես ենք եկել Կոմիտասի անվան կամերային տանը և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Ծրագրում ընդգրկված էին դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերը: Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ ժամանակակից երաժշտության տարածման գործում։

Իսկ ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք այլ երկրների հանդիսատեսի և մեր հանդիսատեսի միջև:

Եթե անկեղծ, ապա կարծում եմ տարբերություն չկա թե որ հանդիսատեսի առաջ և որ երկրում ես հանդես գալիս: Հանդիսատեսն, անկեղծությունը զգալով, միշտ շատ ջերմ է ընդունում և ծափահարում:

Վերջերս կայացավ Ձեր նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նաև նոր ֆիլմի սաունդթրեքերից մեկն է: Ինչպե՞ս ծնվեց երաժշտությունը:

Երաժշտությունը գրել է իմ տաղանդավոր ընկեր,  Անգլիայի կոմպոզիտորների միության անդամ,  կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը:  Նախ Արթուրը ստեղծագործությունը գրել է սիմֆոնիկ օրկեստրի համար, այնուհետև վերափոխել  ջութակի սոլոի համար  և ցանկացել է, որ կատարի հայ ջութակահար և ստեղծագործության ձայնագրումը վստահել ինձ, որի համար շատ շնորհակալ եմ: Երաժշտությունն անվանեցինք «HOPE»(Հույս):

Հայտնի է, որ «Եղնիկների կածանը» նոր ֆիլմի դեպքերը վերաբերում են 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմին: Ինպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ դեպքերին:  

2016թ. քառօրյա պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում: Իմ կարծիքով,  բոլորը սկսեցին այլ աչքերով նայել կյանքին և վերաիմաստավորել յուրաքանչյուր օրը: Մեր հերոս տղաների սխրանքը ոչ ոք երբեք չի մոռանա, և նրանց յուրաքանչյուրի անունը հավերժ դրոշմվեց բոլորիս սրտերում:  Խոնարվում եմ բոլորի առաջ. նրանց շնորհիվ է, որ մենք կանք ու այսօր այստեղ ենք: Հավերժ փառք մեր հերոսներին: Միակ ցանկությունս է, որ բոլոր ազգերն ապրեն խաղաղ երկնքի տակ և երբեք պատերազմներ չլինեն:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ այդ երաժշտությունը կոմերցիոն ոչ մի նպատակ չէր հետապնդում: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում կոմերցիային երգարվեստին:

Այո, միանշանակ այս ստեղծագործությունը ոչ մի կոմերցիոն նպատակ չի կարող հետապնդել, քանի որ սա իմ հոգու խոսքն է, իմ մտորումները, ապրումները: Սա իմ աղոթքն է առ Աստված՝ մեր սահմանին կանգնած յուրաքանչյուրի համար: Իսկ առհասարակ կոմերցիային այդքան էլ վատ չեմ վերաբերվում,  իհարկե, եթե տվյալ աշխատանքն արված է ճաշակով, բարձր պրոֆեսիոնալիզմով և համապատասխան է արտիստին:

Ի՞նչ եք կարծում, ջութակը կարելի է համադրել երաժշտական ցանկացած ժանրի հետ:

Երաժշտական գործիքների մեջ ջութակի հնարավորություններն անհամեմատ այնքան շատ են, որ կարելի է համադրել ցանկացած ժանրում, բայց կարևոր նախապայմաններից մեկն է, որ համադրությունը լինի համահունչ:

Ինչպե՞ս պետք է մատուցել այս գործիքը, որպեսզի մեր հասարակության մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի:

Չէի ասի, որ մեր հասարակության մեջ քիչ է հետաքրքրությունը ջութակի և առհասարակ դասական երաժշտության նկատմամբ, որի ապացույցն են  նաև լեփ լեցուն դահլիճները: Կարծում եմ՝ հեռուստատեսությամբ պետք է էլ ավելի պրոպագանդվի, որպեսզի հետաքրքրությունը և սերն ավելի մեծանա: Եվ, իհարկե, չեմ կարող չնշել Մշակույթի Նախարարության մեծ դերը:

Արտյոմ,  աշխատում եք բավականին փորձառու արվեստագետների հետ, ընդունո՞ւմ եք քննադատություններ:

Եթե քննադատողը բանիմաց է և քննադատությունները տեղին, իհարկե՝ այո: Ինչպես նաև մասնագետների ճիշտ   խորհուրդները չեն անտեսվում իմ կողմից: Ինքս, ուսանելով Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում,  փորձում եմ և պարտադիր նախապայմաններից եմ համարում, որպեսզի յուրաքանչյուր իմ կատարում լինի առաջին հերթին պրոֆեսիոնալ և երկրորդ՝  իհարկե, տարբերվի իր ճաշակով:

Ձեր խոսքն ուղղված սահմանում կանգնած մեր զինվորներին և համայն հայությանը:

Թող Աստված պահապան լինի հայ զինվորին և խաղաղ պահի Հայաստան աշխարհը: Հույս, հավատ, սեր ու ջերմություն բոլոր հայ ընտանիքներին:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից