ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի օլիգարխների նկատմամբ: Այս մասին, հղում անելով Սպիտակ տանն իր աղբյուրին, հայտնում է Fox News-ը՝ հավելելով, որ դա որպես պատասխան է Մոսկվայի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելուն:
Պատժամիջոցների մասին հայտարարվելու է արդեն այս շաբաթվա վերջում:
Fox News-ի աղբյուրը սակայն չի հայտնել, թե կոնկրետ քանի օլիգարխ է հայտնվելու պատժամիջոցների ցուցակում:
Ավելի վաղ՝ հունվարի 30-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր Կրեմլյան ցուցակը, որտեղ հայտնվել էին Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Ցուցակում հայտնվել էին նաև հայեր, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը:
Սա համարվում է այն ցուցակը, որի ներկայացուցիչների նկատմամբ մոտ ապագայում հնարավոր է սահմանափակումներ կիրառվեն: