Այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով լրաագրողների հարցին, թե գոհ է արդյո՞ք, որ կառավարության նիստերն այսուհետ փակ են լինելու, և ինքը պատմության մեջ հիշվելու է որպես նախարար, ով փակել է լրագրողների առաջ դռները, ասաց, որ գոհ է:
Նախարարը նշեց, թե փոփոխություններ ձեռնարկելիս հասկանում է, որ քննադատության կարող է արժանանալ և փորձում է անել այն, ինչն, իր կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խորը, բովանդակալից, իսկ արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է կազմակերպվելու լրագրողների աշխատանքը կառավարությունում, Հարությունյանն ասաց, որ կառավարության անդամները նիստից հետո հանդիպելու են լրագրողների հետ, պատասխանելու հարցերին, բացի դրանից կառավարության օրակարգն ավելի վաղ է հրապարակվելու, ինչի մասին լրագրողները կարող են խոսել կառավարության անդամների հետ:
Այն դիտարկմանը, որ նախարարները կարող են խոսել միայն վարչապետի թույլտվությամբ, նախարարն ասաց, թե դա վերաբերում է միայն նիստի ընթացքին և քննարկումներին, որովհետև կա կոլեկտիվ պատասխանատվություն: Հարությունյանի խոսքերով, նիստի ժամանակ նախարարները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն, որ վաղն իրենց քննադատելու են այսինչ նախարարի այսինչ մոտեցմանը դեմ արտահայտվելու համար. «Ընդունված որոշումները մեկնաբանվելու են»: