Այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Շենգենյան վիզաների դիմումների համար «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կազմակերպությանը դիմումները ներկայացնելու հարցին, նշեց, որ հարցը քննարկվում է հիմա:
«Մենք քաղաքացիների անձնական տվյալների մասին օրենք ունենք: Եթե պարզվի, որ կա վտանգ այդ անձնական տվյալների համար, որոշում կկայացվի»,- ասաց նա:
Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ են մտածում ՀՀ իշխանությունները ռուս-թուրքական մերձեցման մասով: Փոխնախարարի խոսքերով, այս պահին ուղղակի այդ երկու երկրների շահերը համընկնում են, իսկ ՀՀ-ն պետք է ուղղակի հետևի զարգացումներին:
Հարցին, թե որքանով է վերոնշյալ մերձեցումը վտանգավոր Հայաստանի համար, Քոչարյանն ասաց, որ հիշում է, թե ինչ մեղրամիս եղավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչից հետո ՌԴ նախագահը հայտարարեց մեջքից դանակով հարվածելու մասին:
Քոչարյանն ասաց, որ Երևանն ամեն ինչին հետևում է և եզրահանգումներ անում: